Առանձին կուսակցությունների քարոզչական պաստառները ծածկում են ամբողջական փողոցներ՝ հնարավորություն չտալով այլ ուժերին ներկայացված լինել տվյալ տարածքում | Region

Առանձին կուսակցությունների քարոզչական պաստառները ծածկում են ամբողջական փողոցներ՝ հնարավորություն չտալով այլ ուժերին ներկայացված լինել տվյալ տարածքում

Մարտ 25,2025 17:12

Նախընտրական քարոզարշավը Գյումրիում թեժ փուլում է։ Մասնակից քաղաքական ուժերի մեծ մասը տարածում են քարոզչական տպագիր նյութեր։ Այս նյութերը, սակայն, հաճախ կիրառվում են օրենքի պահանջների խախտմամբ, քանի որ՝

*փակցվում են չսահմանված կամ արգելված վայրերում՝ բազմաբնակարան շենքեր, լուսասյուներ, առևտրի կետեր, այլ հասարակական տարածքներ,
*չեն պարունակում օրենքով պահանջվող մակնշում՝ տեղեկատվություն տպաքանակի, տպարանի, պատվիրատուի վերաբերյալ,
*գերկենտրոնացած են մեկ վայրում՝ առանձին կուսակցությունների քարոզչական պաստառներ ծածկում են ամբողջական փողոցներ՝ հնարավորություն չտալով այլ ուժերին ներկայացված լինել տվյալ տարածքում,
*ասոցացվող են՝ պատրաստվում ու տարածվում են քաղաքական ուժերի հետ ասոցացվող երրորդ անձանց կողմից՝ անհնարին դարձնելով քարոզչանյութերի համար կատարվող ծախսերի վերահսկողությունը։

Օրենքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչանյութերը պետք է հեռացվեն համայնքի ղեկավարի կողմից, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ։ Սակայն այս լիազորությունը ևս մեծ մասամբ չի իրագործվում։

Որոշ քարոզչանյութեր վնասվել են մարտի 24-ին՝ «Սրբազան պայքար» շարժման կողմից՝ վերջինիս «Չեմ վստահում» նախաձեռնության՝ Գյումրի կատարած այցի ընթացքում։ Հարկ է նկատել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածն արգելում է քարոզչանյութերը որևէ եղանակով վնասելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածի 11-րդ կետը 50.000-100.000 ՀՀ դրամ տուգանք է նախատեսում նախընտրական ժամանակահատվածում քարոզչանյութերի համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ վնասելու համար։

Նորություններ