Հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը. Միրզոյան

Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է թուրքական կողմից։ Այս մասին բրազիլական օրաթերթերից մեկին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով արդյոք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարին։
«Մենք որոշակի առաջընթաց ենք արձանագրել, մասնավորապես հանվել է օդային բեռնափոխադրումների արգելքն, իրականացվել են ուղիղ չվերթներ, ինչպես նաև վստահության ամրապնդման մի շարք այլ միջոցառումներ։ Մենք համաձայնության ենք եկել, որ առաջին փուլում սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող հայ և թուրք քաղաքացիների համար։ Այս համաձայնությունը, սակայն, դեռևս չի իրականացվել։
Թուրք գործընկերներից լսում ենք, որ նրանք զսպվածություն են ցուցաբերում Հայաստանի հետ սահմանի լիարժեք բացման հարցում՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջնական կարգավորումը։ Թեև չկա պաշտոնական նախապայման, փաստացի տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ։ Սակայն մենք հավատում ենք, որ եթե նախ բացվեր Հայաստանի և Թուրքիայի սահմանը, դա կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա»,- ասել է Միրզոյանը։