«Եթե Գյումրու քաղաքապետը քըֆիր էնել չիդե, ուրեմն լեննականցիք կըսեն ըդիկ ղզիկ է»․Վարդան Ղուկասյան | Region

«Եթե Գյումրու քաղաքապետը քըֆիր էնել չիդե, ուրեմն լեննականցիք կըսեն ըդիկ ղզիկ է»․Վարդան Ղուկասյան

Մարտ 26,2025 19:11

Կոմկուսի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը Գյումրու Վարդբաղ թաղամասում բնակիչների հետ հանդիպման ժամանակ այսօր դարձյալ խոսեց  նախկինների ու ներկաների թալաններից, Արցախը հանձնելու մեջ նորից ներկա իշխանություններին մեղադրեց։ Հիշատակեց, թե ինչպես է Գյումրու արդյունաբերական ներուժը 88-ի երկրաշարժից հետո թալանվել ու տեղափոխվել Թուրքիա և այլ երկրներ։ Վարդան Ղուկասյանը իհարկե, չխոսեց այն մասին, որ իր ասած թալանի տարիներին, 2000-ականներին, ինքը 12 տարի ղեկավարել է Գյումրին։ Արդյո՞ք կարողացել է այդ թալանից ինչ որ մասնաբաժին փրկել։

REGIONS TV-ի այս հարցին Վարդան Ղուկասյանը խուսափողական պատասխան տվեց, ավելին, լրագրողներին մեղադրեց թալանի մեջ, նշելով, որ նրանց գործատու լրատվամիջոցների ղեկավարները իրենից բավականին մեծ գումարներ էին ուզում, որպեսզի իր արած գործերը ցուցադրեին։ Բայց գյումրեցիներն իհարկե լավ են հիշում, որ Վարդան Ղուկասյանի օրոք էր, որ քաղաքից անհետացան տրոլեյբուսի գծերը։ Դրանք ապամոնտաժվեցին ու տեղափոխվեցին անհայտ ուղղությամբ։ Վարդան Ղուկասյանը նախընտրեց ավելի շատ խոսել Վարդբաղ թաղամասում նախկինում կատարած իր աշխատանքներից, 9 հարկանի շենքերում մարդկանց բնակարան հատկացնելը որակեց իր արած աշխատանքը։ Պետական կամ տեղական գումարներով շենքերի կտուրներ վերանորոգելը և փողոցներ ասֆալտապատելը, նույնպես իր արածն են։ Չմոռացավ քննադատել նաև ներկայիս իշխանությանը։

Իր ապօրինի գույքերից, դրանք վերադարձնելուն առնչվող դատավարության ընթացքից, հարազատների քրեական անցյալից չխոսեց։ Անդրադառնալով   սոցիալական ցանցերում շրջանառվող աղմկահարույց իր հեռախոսային խոսակցությանը, որտեղ ինքը անպարկեշտ բառեր է օգտագործում, ասաց․«Եթե Գյումրու քաղաքապետը քըֆիր էնել չիդե, ուրեմն լեննականցիք կըսեն ըդիկ ղզիկ է»։

Կարինե Կազարովա

 

Նորություններ