Սարիկ Մինասյանը, օգտվելով իր պաշտոնական դիրքից, օգտագործել է համայնքապետարան դիմած քաղաքացիների տվյալները՝ նրանց իր նախընտրական քարոզչական հանդիպմանը մասնակից դարձնելու համար | Region

Սարիկ Մինասյանը, օգտվելով իր պաշտոնական դիրքից, օգտագործել է համայնքապետարան դիմած քաղաքացիների տվյալները՝ նրանց իր նախընտրական քարոզչական հանդիպմանը մասնակից դարձնելու համար

Մարտ 26,2025 20:22

«Անկախ դիտորդ» դաշինքը ստացել է ահազանգ այն մասին, որ 2025 թվականի մարտի 19-ին Գյումրու երկու բնակիչներ, որոնք հերթագրված են եղել Գյումրու համայնքապետարանում իրենց խնդիրների վերաբերյալ համայնքի ղեկավարի մոտ ընդունելության, զանգ են ստացել իր ինքնությունը չհայտնած անձից, և հրավիրվել են մարտի 19-ին, ժամը 18։00-ին՝ «Հոկտեմբեր» կինոթատրոն, որտեղ կարող են հանդիպել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ և քննարկել իրենց դիմումներում ներկայացված խնդիրները։ Նշենք, որ Սարիկ Միանսյանը գլխավորում է «Քաղաքացիակիան պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։

 Ինչպես պարզվել է` զանգը կատարվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբից, իսկ քաղաքացիներին, փաստորեն, հրավիրել են նույն կուսակցության քարոզչական դահլիճային հավաքին, որի մասին իրազեկվել է նաև Facebook.com սոցիալական ցանցում՝ https://bit.ly/4hG4I0N
Հանդիպմանը մասնակցել է շուրջ 200 քաղաքացի: Իր ելույթի ընթացքում Սարիկ Մինասյանը նշել է, որ այժմ գտնվում է արձակուրդում և մինչ դա չի հասցրել համայնքապետարանում հանդիպել բոլոր հերթագրված քաղաքացիների հետ, ուստի այս հանդիպման շրջանակներում քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց խնդիրները հավելելով, որ խնդիրները կլուծվեն բացառապես օրենքի սահմաններում:
 Նշենք նաև, որ «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի բանավոր հարցմանն ի պատասխան համայնքապետարանի կայքում ավելի ուշ հրապարակված որոշման համաձայն՝ Սարիկ Մինասյանը մարտի 17-ից 28-ը գտնվում է արձակուրդում, մինչդեռ մարտի 17-ով թվագրված մեկ այլ հարցման պատասխանը ստորագրված է Սարիկ Մինասյանի կողմից։ Բացի այդ՝ արձակուրդի որոշման մեջ նշված է, որ Սարիկ Մինասյանին փոխարինում է աշխատակազմի քարտուղարի ժ/պ-ն, մինչդեռ նա այդպիսի լիազորություն չունի։
Գտնում ենք, որ նկարագրված գործողություններում առկա է նախընտրական քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի չարաշահման վարչական իրավախախտման տարրեր, հետևյալ հիմնավորմամբ.
 Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.8 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների և մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների համար, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով։
Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:
Արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ (…)։
Նորմերի համադրումից բխում է, որ նախընտրական քարոզչության իրականացման ընթացքում թեկնածուն իրավունք չունի օգտագործել այն տվյալները, որոնք նրան հայտնի են դարձել ի պաշտոնե գործելիս։
Նկարագրված դեպքում Սարիկ Մինասյանը, օգտվելով իր պաշտոնական դիրքից, օգտագործել է համայնքապետարանի տրամադրության տակ գտնվող, քաղաքացիների կողմից համայնքապետարանին տրամադրված անձնական տվյալները (մասնավորապես հեռախոսահամարները և դիմումներում նկարագրված խնդիրները)՝ համայնքապետարան դիմած քաղաքացիներին իր նախընտրական քարոզչական հանդիպմանը մասնակից դարձնելու համար:
Ուշադրության արժանի է նաև Սարիկ Միանսյանի արձակուրդում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների իսկության և իրավաչափության հարցը, քանի որ փոխարինող է նշանակվել դրա իրավունքը չունեցող անձը։
Հրապարակմանը կից կարող եք տեսնել մարտի 17-ին ստացված մեկ այլ հարցման պատասխան՝ ստորագրված Սարիկ Մինասյանի կողմից և մարտի 17-ից վերջինիս արձակուրդի մեջ գտնվելու որոշման մասին փաստաթղթերը:
Helsinki Citizens’ Assembly-Vanadzor
Իրազեկ քաղաքացիների միավորում – Union of Informed Citizens

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության և Միացյալ նահանգների գերմանական Մարշալ հիմնադրամի (GMF) ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակության համար բացառապես պատասխանատվություն է կրում «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ արտացոլի GMF-ի տեսակետները:

Նորություններ