Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու ընտրությունների քարոզարշավում արձանագրվել են խախտումներ՝ քարոզչական նյութերն առանց համապատասխան նշման են եղել | Region

Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու ընտրությունների քարոզարշավում արձանագրվել են խախտումներ՝ քարոզչական նյութերն առանց համապատասխան նշման են եղել

Մարտ 26,2025 19:37

Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու ընտրությունների քարոզարշավի մշտադիտարկման արդյունքում «Անկախ դիտորդ» դաշինքը հայտնաբերել է առանց տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ նշման քարոզչական նյութեր։

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության բուկլետների վրա բացակայում են օրենքով սահմանված բոլոր վավերապայմանները, ինչը վերը շարադրված նորմով սահմանված իրավախախտում է։ Բացի այդ՝ քաղաքացիներին բուկլետի հետ միասին հանձնվում է նաև մարտի 28-ին կայանալիք համերգի հրավիրատոմս, որում նշված չեն կազմակերպիչները և/կամ հովանավորները։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական տպագիր նյութի պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկություններ չպարունակող քարոզչական տպագիր նյութեր տարածելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

Փաստի առթիվ «Անկախ դիտորդ» դաշինքը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ վարչական վարույթ նախաձեռնելու խնդրանքով։

Helsinki Citizens’ Assembly-Vanadzor
Իրազեկ քաղաքացիների միավորում – Union of Informed Citizens

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության և Միացյալ նահանգների գերմանական Մարշալ հիմնադրամի (GMF) ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակության համար բացառապես պատասխանատվություն է կրում «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ արտացոլի GMF-ի տեսակետները:

Նորություններ