Ինձ ասացին, որ տղայիս և հորս հետ կապված ձերբակալման որոշում կա․ Մարտուն Գրիգորյան

«Ընտրություններին մոտ 3 օր է մնացել։ Ինչ-որ քրեական գործեր են սարքում հորս ու տղայիս վրա, ոնց հասկանում եմ՝ հայտնի շիբինի գործն է։ Ես գործի մասին չեմ ծանուցվել»։ Այս մասին հայտարարել է «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը, որի գրասենյակ և տուն են մուտք գործել իրավապահները։
«Մեր տանը խուզարկություն չկա, տղաները նորմալ մոտեցել են, ասել են ինչ նպատակով են եկել, հիմա սպասում ենք փաստաբանին՝ Արսեն Բաբայանին։ Ինձ ասացին, որ տղայիս ու հորս հետ կապված ձերբակալման որոշում կա։ Մենք խուսափելու, մարդ պահելու խնդիր չունենք, եթե տանելու են, թող տանեն։ Ինձ աջակցում են իմ ընկերները, պատգամավորները, նաև Գյումրու քաղաքապետի թեկնածուներ կան, որ ինձ աջակցություն են հայտնել»,- նշեց Գյումրու քաղաքապետի թեկնածուն։
Նա ավելացրեց՝ այս ամենը արվում է, որ Սարիկը կարողանա հաջողություն ունենալ, բայց սա ուղղակի նվեր էր մեզ՝ ընդդիմադիրներիս, և սա օգտագործվելու է իրենց դեմ: