Գտի՛ր քո տեղամասը․ ՆԳ նախարարությունը հիշեցնում է

Ներքին գործերի նախարարությունից հիշեցնում են՝ 2025 թվականի մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություններ։
«Խնդրում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրացուցակներում (mia.gov.am) ստուգել Ձեր տվյալները և ճշտել Ձեր տեղամասային կենտրոնն ու հասցեն։
Եթե Ձեր տվյալները չեք գտնի ընտրողների ցուցակում, ապա քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը՝ 20։00-ն, անհրաժեշտ է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժին՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։
Լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին դիմում ՄՔԾ տարածքային բաժին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք՝
- հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն, դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից.
- ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ՄՔԾ տարածքային բաժին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում.
- հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում»,- նշված է ՆԳՆ հաղորդագրությունում։