USAGM-ը չեղարկում է «Ազատության» դրամաշնորհի դադարեցումը | Region

USAGM-ը չեղարկում է «Ազատության» դրամաշնորհի դադարեցումը

Մարտ 28,2025 10:45

ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) չեղարկում է «Ազատություն» ռադիոկայանի 2025 ֆինանսական տարվա դրամաշնորհային համաձայնագրի դադարեցումը։ Մարտի 26-ին գործակալությունն այդ մասին ծանուցում է ուղարկել «Ազատություն» ռադիոկայանին։

USAGM-ի ծանուցումը հետևել է ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարանի նույն օրվա որոշմանը, որով բավարարվեց ռադիոկայանի պահանջն ընդդեմ USAGM-ի և, մինչև գործի վերաբերյալ բուն լսումները, ժամանակավորապես կասեցվեց «Ազատություն» ռադիոկայանը փակելու քայլերը։ Դատարանի որոշումը վերաբերում է նաև գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական Քերի Լեյքի մարտի 15-ի ստորագրած որոշմանը՝ Կոնգրեսի հաստատած «Ազատությանը» հատկացվող դրամաշնորհի դադարեցման մասին։ «Ազատություն» ռադիոկայանի հայցնն ուղղված է Կոնգրեսի հատկացրած մոտ 77 միլիոն դոլարը ստանալուն։

«Սա հուսադրում է, որ «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը կարող է շարունակվել, ինչպես Կոնգրեսն էր նախատեսում։ Մենք սպասում ենք USAGM-ի պաշտոնական հաստատմանը, որ դրամաշնորհային ֆինանսավորումն անհապաղ կվերսկսվի ինչպես ծանուցել են։ Մենք ցանկանում ենք ուղղակիորեն խոսել USAGM-ի ղեկավարության հետ այն աշխատանքի մասին, որը «Ազատություն» ռադիոկայանը կատարում է ամերիկացի ժողովրդի համար», – հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը՝ շեշտելով․ – «Ազատություն» ռադիոկայանի լռության ժամանակը չէ։ Միլիոնավոր մարդիկ վստահում են մեզ մասնավորապես որտեղ գրաքննությունը տարածված է: Մենք չպետք է դաշտը զիջենք մեր հակառակորդներին, երբ Ամերիկայի դեմ սպառնալիքներն աճում են»:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ USAGM-ի միջոցով:

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալությունն է։ Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է: Նամակը ստորագրել է Քերի Լեյքը, ով իր պաշտոնը նշում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական՝ օժտված տնօրենի պաշտոնակատարի կողմից պատվիրակված լիազորություններով:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը հայտարարել է, որ դրամաշնորհի համաձայնության չեղարկումը «հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար»:

Աղբյուր

Նորություններ