«Փաստաբանից տեղեկացա, որ հարցվածներից մեկը ցուցմունքի մեջ գրել է, որ իրեն վառելափայտ տրամադրել են, բայց ոչ թե «Մայր Հայաստան» դաշինքը, այլ՝ Սարիկ Մինասյանը».Կարեն Սիմոնյան | Region

«Փաստաբանից տեղեկացա, որ հարցվածներից մեկը ցուցմունքի մեջ գրել է, որ իրեն վառելափայտ տրամադրել են, բայց ոչ թե «Մայր Հայաստան» դաշինքը, այլ՝ Սարիկ Մինասյանը».Կարեն Սիմոնյան

Մարտ 28,2025 21:18

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը քարոզարշավի վերջին օրը լրագրողներին տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության համակիրներն իրենց դաշինքին վարկաբեկող պաստառներով են քայլել՝ դրանցում դրամներ պատկերված։ Թեկնածուն դատապարտեց իշխող կուսակցության այս քայլը։ Նա հայտնեց, որ դատարան չի դիմի, քանի որ ՔՊ-ի կառավարման օրոք դատարան դիմելը ժամանակի կորուստ է, որովհետև դատարաններում անհարկի ձգձգումներ են։

Հայտարարեց՝ ՔՊ-ականների պաշտամունքն է, որ «ներկաներ-նախկիններ» թեզը առաջ բերելով՝ փորձեն ժողովրդին մանիպուլացնել։

Քարոզարշավի ընթացքն ամփոփելով, Կարեն Սիմոնյանը նշեց, որ գյումրեցիներն ավելի շատ սպասում էին բովանդակալից, ծրագրային դրույթներով ընտրարշավի, որ յուրաքանչյուր խնդրին առարկայական լուծում առաջարկվեր, ոչ թե ամպագոռգոռ ճառեր լսվեին։ Կարեն Սիմոնյանի կարծիքով՝ գյումրեցին մրցակից ուժերից չստացավ իր սպասած քարոզարշավը։

Նա խոսեց նաև երեկ իրենց նախընտրական շտաբում տեղի ունեցած խուզարկությունների ու բերման ենթարկվածների մասին։ Նշեց, որ այդ գործողությունենրը միտված են եղել խաթարելու իրենց նախընտրական քարոզչությունը, շտաբի պետ Արա Ոսկանյանի հեռախոսն են ձեռքից վերցրել, ավագանու թեկնածու երիտասարդ կնոջը ձեռնաշղթաներ հագցրել իր անչափահաս երեխաների աչքի առջև։ Հիմա «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից ձերբակալվածներ չկան, բայց  հարուցված 3 քրեական գործ կա  ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։

Ըստ Կարեն Սիմոնյանի, նաև բնակիչներ են հարցաքննվել։ «Փաստաբանից տեղեկացա, որ հարցվածներից մեկը ցուցմունքի մեջ գրել է, որ իրեն վառելափայտ տրամադրել են, բայց ոչ թե «Մայր Հայաստան» դաշինքը, այլ՝ Սարիկ Մինասյանը։ Նաև հեռախոսային ինչ-որ խոսակցություններ են ձայնագրել, պարի խմբին ինչ-որ հագուստ տալու մասին։ Դա կապել են նրա հետ, թե իբր մեզ ձայն պիտի տան, որ իրենց հագուստ կարենք»,-ասաց Կարեն Սիմոնյանը։

Գյումրեցիներին հորդորեց լինել զգոն և քվեարկել այն ուժի օգտին, որը ռեալ պատասխանատվություն կստանձնի քաղաքի նկատմամբ։

 

Կարինե Կազարովա

Նորություններ