«Ընդդիմադիր թեկնածուները մրցում են ոչ թե ՔՊ-ի հետ, այլ պետական, վարչական ռեսուրսի և Սարիկ Մինասյանի՝ ԱԱԾ-ի ղեկավար բարեկամի հետ»․Ռուբեն Մխիթարյան | Region

«Ընդդիմադիր թեկնածուները մրցում են ոչ թե ՔՊ-ի հետ, այլ պետական, վարչական ռեսուրսի և Սարիկ Մինասյանի՝ ԱԱԾ-ի ղեկավար բարեկամի հետ»․Ռուբեն Մխիթարյան

Մարտ 30,2025 10:52

«Իմ հզոր համայնք»-ի քաղաքապետի թեկնածուն հայտարարել է՝ եթե քաղաքապետ չընտրվի, ավագանու իր մանդատը պահելու է

«Ընդդիմադիր թեկնածուները մրցում են ոչ թե ՔՊ-ի հետ, այլ պետական, վարչական ռեսուրսի և Սարիկ Մինասյանի՝ ԱԱԾ-ի ղեկավար բարեկամի հետ»,-այս մասին այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ ճապազրույցում ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
Արդյոք որևէ խախտումներ նկատե՞լ է, այս հարցին ի պատասխան Մխիթարյանն ասաց, որ դեռեւս էական, մտահոգիչ բաներ չեն նկատվել․«Ուղղակի տեղամասեր կան, որտեղ կուտակումներն են շատ: Բազմաթիվ դիտորդներ կան, լրագրողներ կան, կարծում եմ՝ ամեն ինչ վերահսկողության տակ է»։
Նա հայտարարեց, որ եթե չընտրվի Գյումրու քաղաքապետ, սակայն բավարար քվե ստանա ավագանիում հայտնվելու համար, ապա իր մանդատը պահելու է։
Անդրադառնալով հնարավոր վարչական ռեսուրսի օգտագործմանը, Մխիթարյանն ասաց, որ ոչ մի վարչական ռեսուրս չի կարողանալու դիմակայել, եթե մարդիկ տանից դուրս գան ու գնան ընտրության։

Նա ասաց, որ եթե քաղաքապետ չընտրվի, ավագանու իր մանդատը պահելու է։
Նա նաև վստահեցրեց, որ որևէ ընդդիմադիր թեկնածուի հետ քննարկում չի ունեցել: Նաև նշեց, որ ընտրություններից հետո պատրաստ է հանդիպել բոլոր ընդդիմադիր թեկնածուների հետ:

Նրա կարծիքով՝ այս ընտրություններում գյումրեցիների «ֆավորիտը» ընդդիմությունն է։ Հարցին՝ Երևանի օրինակով ընդդիմադիր ուժերը չհամախմբվեցին, ՔՊ-ն հաղթեց, արդյոք Գյումրու քաղաքապետի թեկնածուները կհամախմբվե՞ն, օրինակ կարող է Վարդան Ղուկասյանն ասի՝ ես պետք է լինեմ քաղաքապետ, մյուս թեկնածուն ասի՝ չէ, ես պետք է լինեմ, Մխիթարյանը պատասխանեց՝ ցանկացած դեպքում դրական արդյունք եմ համարելու այն, որ ՔՊ-ն իշխանություն չլինի․«Եթե օբյեկտիվորեն քննարկումների արդյունքում չորոշվի, որ ես եմ լինելու, ես ամեն ինչ անելու, որպեսզի ընդդիմությունը սեղանի շուրջ ունենա ադեկվատ, օբյեկտիվ և պրոդուկտիվ քննարկում»։

Մխիթարյանը կոչ արեց գյումրեցիներին ակտիվ մասնակցություն ունենալ և գնալ ընտրություններին․«Կոչ եմ անում հատկապես երիտասարդներին՝ անպայման գալ, մասնակցել, որովհետև այս քաղաքն իրոք երիտասարդանալու կարիք ունի։ Ես իմ առաքելություններից մեկը դա եմ համարում՝ Գյումրին պետք է ստանա երիտասարդական ընթացք»։

 

Նորություններ