«Ընդդիմությունից ով ինձանից շատ ձայն հավաքի, միանշանակ, միանալու ենք իրեն՝ առանց պաշտոն զբաղեցնելու»․Վարդան Ղուկասյան

«Ընդդիմությունից ով ինձանից շատ ձայն հավաքի, միանշանակ, միանալու ենք իրեն՝ առանց պաշտոն զբաղեցնելու։ Իսկ եթե ես շատ ձայն հավաքեմ, էդ նույն սկզբունքը պետք է կիրառել։ Իսկ ով չահամաձայնվեց, ուրեմն ՔՊ-ի հետ համագործակցում»,-այս մասին այսօր քվեարկությունից հետո լրագրողների հեը ճեպազրույցում ասաց Կոմկուսի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
Նա ասաց, որ այս մասին մյուս ուժերի հետ դեռ քննարկում չի եղել․«Ոչ մեկին չեմ տեսել, ես քաղաքական չեմ խոսում, ես խոսում եմ ճշմարտոթյունը, հուսով եմ՝ բոլորը պետք է էդպես մտածեն, եթե ոչ, ես էնպես կանեմ, որ ամբողջ քաղաքան ու երկիրը կիմանան՝ ով հանկարծ ուրիշ բան արեց»։
Նրա խոսքով՝ կծիծաղեմ, եթե մի քանի թեկնածուների ձայները միասին իմ ձայներից շատ չլինեն ու ինձ առաջարկեն, ասեն՝ գիտեք, դուք պիտի մեզ միանաք։
Արդյոք Վարդան Ղուկասյանը կաշխատի Մարտուն Գրիգորյանի հետ, օրինակ՝ ինքը լինի քաղաքապետ, Մարտուն Գրիգորյանը՝ փոխքաղաքապետ, կամ հակառակը, այս առնչությամբ էլ թեկնածուն ասաց․«Միանշանակ, եթե ինձանից շատ ձայներ հավաքեն, ես ոչ մի տեղակալ, ոչ մի բան չենք պահանջելու, ասելու ենք ՝ գնացեք ղեկավարեք, մեր ավագանիներն էլ իրենց պաշտպանելու են»։
Վարդան Ղուկասյանի ներկայացմամբ՝ եթե ինքը հաղթի, ու եթե անգամ իրեն բանտարկեն, մանդատներից չեն հրաժարվելու․«Եթե ինձ բանտարկեն, իմ ավագանիները ստանձնելու են քաղաքի ղեկը և շարունակելու են աշխատել, ես էլ էնտեղից եմ շարունակելու աշխատել»։
Նա կրկին հաստատեց՝ ՔՊ-ին միանալը բացառված է, ասաց․« Արցախը հանձնողների հետ եթե իմ պես տղեն միանում է, ուրեմն իմ արյունը սուտ է»։
Վարդան Ղուկասյանի խոսքով․«Ես հարգում եմ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նա Հայաստանի, ինչպես նաև Արցախի ազատագրման համար արել է այն, ինչ շատ-շատերը չեն արել»։