Ադրբեջանը Համաձայնագրի 17 կետերից բացի այլ պահանջների փաթեթներ ունի՝ Բաքվի դատարանում եղած ցուցմունքների հիման վրա ՀՀ-ն ճանաչել ագրեսոր երկիր, պահանջել հսկայական փոխհատուցումներ․Բաղդասարյանն | Region

Ադրբեջանը Համաձայնագրի 17 կետերից բացի այլ պահանջների փաթեթներ ունի՝ Բաքվի դատարանում եղած ցուցմունքների հիման վրա ՀՀ-ն ճանաչել ագրեսոր երկիր, պահանջել հսկայական փոխհատուցումներ․Բաղդասարյանն

Ապրիլ 08,2025 18:04

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը վերլուծելով սահմանային իրավիճակն, ասում է՝ Ադրբեջանը ունի  հստակ նպատակներ ու դրանք իրագործելու մի քանի պլաններ՝ եթե միջազգային իրադրությունը թույլ տա՝ Սյունիքի իրենց հասած միջանցքը կբացեն ուժով, եթե այդ տարբերակը չաշխատի, դա կանեն բանակցությունների միջոցով

Վերջին օրերին սահմանային լարվածություն է նկատվում Սյունիքի մարզում։  Մասնավորապես հաճախակի են դարձել կրակոցները սահմանային Խնածախ և Խոզնավար գյուղերում։ Գիշերային ժամերին պարբերաբար հնչող կրակոցների վերաբերյալ ահազանգում են նաև համայնքների վարչական ղեկավարները։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ   խորհրդարանում հայտարարում է, որ սահմանի երկայնքով կրակոցների դեպքեր լինում են, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն: Մարտի 31-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն․

Հատկանշական է, որ այս ամենը կատարվում է  հայ-ադրբեջանական Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման ֆոնին, ինչը լրացուցիչ անհանգստության պատճառ է դառնում։

«Ադրբեջանը ունի ապագայի մի քանի սցենար։ Նրանք ունեն հստակ նպատակներ ու դրանք իրագործելու մի քանի պլաններ։ Եթե միջազգային իրադրությունը թույլ տա Սյունիքի իրենց հասած միջանցքը կբացեն ուժով, եթե այդ տարբերակը չաշխատի, դա կանեն բանակցությունների միջոցով։ Դրա համար էլ իրենք փորձում են հարցը բարձրացնել և’ բանակցությունների սեղանի շուրջ, և’ զուգահեռաբար թեժ պահել պատերազմի վերսկսման հավանականությունը՝ հայկական կողմին մեղադրելով սադրանքների մեջ»,-վերլուծելով սահմանային իրավիճակը REGIONSTV-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

Պարոն Բաղդասարյանի կարծիքով՝ քանի դեռ հստակություն չկա մի քանի հարցերում, մասնավորապես, թե ի՞նչպիսին կլինի ուժային բևեռների վերաբերմունքը մեր տարածաշրջանի, կամ ԱՄՆ-ի դիրքորոշումը Իրանի նկատմամբ, Ադրբեջանը միաժամանակ քարոզչական հող է նախապատրաստելու տարբեր սցենարների համար։

Նրա խոսքով՝ անգամ Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում էլ խաղաղությունը չի երաշխավորվելու, քանի որ Ադրբեջանի պահանջները միայն խաղաղության համաձայնագրով չեն սահմանափակվում, և Խաղաղության համաձայնագրի 17 կետերում արտացոլված են նրանց պահանջների ընդամենը մի մասը․«Բացի եղածից նրանք ունեն պահանջների այլ փաթեթներ։ Դրանք են՝ փախստականների վերադարձը, Զանգեզուրի միջանցքի հարցը, կամ Սահմանադրության փոփոխությունը։ Կա նաև պահանջների երրորդ փաթեթը։ Նախատեսվում է Բաքվի դատարանում եղած ցուցմունքների հիման վրա Հայաստանը ճանաչել ագրեսոր երկիր, և պահանջել հսկայական փոխհատուցումներ»։

Անդրադառնալով այս պարագայում ՀՀ իշխանությունների հնարավոր քայլերին, վերլուծաբանը ընդգծեց․ հնարավոր է, որ  նրանք կրակոցները օգտագործեն ներքաղաքական նպատակներով, մանրամասնելով․«Կփորձեն ցույց տալ, որ ճիշտ է Խաղաղության համաձայնագիրը շատ վատն է, բայց այլընտրանքը ռազմական գործողություններն են։ Այդ կերպ, վախի մթնոլորտ ստեղծելով՝ կստիպեն հասարակությանը ընդունել ու չընդվզել Խաղաղության համաձայնագրի դեմ՝ դրա ստորագրման դեպքում»։

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ