«Մենք կարող ենք նաև ասել՝ իշխանություն, հեռացիր»․Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյան | Region

«Մենք կարող ենք նաև ասել՝ իշխանություն, հեռացիր»․Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյան

Ապրիլ 14,2025 16:15

Արցախի հարցը ոչ միայն չի կարող համարվել փակված, այլև շարունակում է մնալ որպես ազգային առաջնահերթություն՝ ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ ողջ հայության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը՝ Դատախազության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ցույցի ընթացքում։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ՀՀ իշխանությունների՝ մասնավորապես արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարությունները, թե Արցախի խնդիրը փակված է, որևէ իրավական կամ բարոյական հիմք չունեն։

«Նախարարության հայտարարությունը մերժելի է։ Մենք, որպես արցախցիներ, այն կետերը, որոնք ներկայացրել ենք  իշխանությանը, մեկը եղել է հենց Արցախի հիմնախնդրի շուրջ։ Սկսած 92 թվականից՝ ժողովուրդն ինքնորոշվել է, և ոչ ոք իրավունք չունի Արցախի հարցի վերաբերյալ միանձնյա որոշումներ կայացնելու»,- ընդգծեց Իսրայելյանը։

Նրա համոզմամբ, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են ժամանակավոր ղեկավարող ուժը, ժողովուրդն է այն իրական ուժը, որի ձայնը չի կարող անտեսվել։

«Իշխանությունը ժամանակավոր բան է։ Մենք ենք էս երկրի ապագան, մենք ենք ապրել Արցախում։ Էդ որոշումները, որ կայացվում են ոչ հայանպաստ ձևով, ազգը, ժողովուրդը դեմ է դրանց։ Եթե Արարատ Միրզոյանը ասում է, թե պատասխանը չկա՝ դա չի նշանակում, որ հարցը լուծված է։ Դա նշանակում է՝ դուք չեք կարողանում գտնել պատասխանը»,-ասաց նա։

Իսրայելյանի խոսքով՝ հակառակ պաշտոնական հռետորաբանությանը, դեռևս կան բոլոր անհրաժեշտ իրավական հիմքերը՝ հարցը միջազգային հարթակներում վերարծարծելու և պահանջատիրությունը շարունակելու համար։

«Մենք ունենք բոլոր փաստաթղթերը, որոնք հիմք են ոչ թե այս հարցը փակելու, այլ նման որոշումներ չկայացնելու համար։ Այսօր էս վիճակին հասել ենք հենց էս իշխանության բացթողումների ու սխալ որոշումների հետևանքով», – նշեց նա։

Նա ընդգծեց, որ եթե ժամանակին Արցախում ժողովրդի օրակարգում եղել են միայն երկու հիմնական հարց՝ ինքնորոշման և կարգավիճակի հետ կապված, ապա այսօր այդ հարցերը վերածվել են տասներկուսի։

«Հիմա դուրս ենք եկել, որ էլ ավելի չշատանա։ Սա միայն Արցախի հարց չի։ Սա ազգային խնդիր է։ Մենք տեսնում ենք՝ կործանարար գործընթաց է ընթանում։ Վտանգի տակ ենք բոլորս։ Ինչո՞ւ պետք է թողնենք, որ վաղն էլ ձեր հետ նման բան լինի»,-հայտարարեց Իսրայելյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է հստակ պարզաբանում և հիմնավորում ներկայացնի իրենց բարձրացրած հարցերի վերաբերյալ․«Եթե մենք պահանջատեր ենք, իշխանությունը պարտավոր է էդ կետերի բացատրությունը հիմնավոր ներկայացնի։ Մենք պահանջ ենք դրել, կարող ենք նաև ասել՝ իշխանություն, հեռացիր», -շեշտեց նա։

Անդրադառնալով ներքին պառակտումներին ու հանրային դիսկուրսում ատելության դրսևորումներին, Իսրայելյանը նշեց. «Եռաբլուրում չկա արցախցի ու հայաստանցի։ Կա ազգ։ Մարտադաշտում ու ամենուր կա ազգ։ Նրանք, ովքեր պառակտում են մտցնում, նույնատիպ թշնամի են։ Դատախազությունը պետք է պատասխանատվության ենթարկի նման մարդկանց»։

Ի վերջո, Իսրայելյանը հանդես եկավ կոշտ հայտարարություններով՝ ուղղված թալանի ու հաշվետվողականության թեմային՝ կոչ անելով Դատախազությանը պարզաբանել, թե ովքեր են պատասխանատուները։

«Թալանել եք իմ երկիրը, ծախել եք Արցախը։ Տվեք դրա պատասխանը։ Եթե ասում եք՝ թալանչի կա, բա ո՞վ է։ 7 տարի իշխանություն եք, ինչի մեկին չեք բերել ասել՝ սա է։ Ուրեմն դուք էլ եք մասնակիցը»,-նշեց Իսրայելյանը։

Սյուզաննա Խառատյան

Նորություններ