Եվրոպայի առաջնությունից վերադարձած ծանրորդներին Գյումրիում դիմավորող չի եղել | Region

Եվրոպայի առաջնությունից վերադարձած ծանրորդներին Գյումրիում դիմավորող չի եղել

Ապրիլ 23,2025 17:45

Հայաստանցի ծանրորդներն այս գիշեր վերադարձել  են Մոլդովայից, որտեղ ապրիլի 13-ից 21-ն անցկացվել  է ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Այս առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել  է 27 մեդալ (7 ոսկի, 13 արծաթ, 7 բրոնզ),  և թիմային հաշվարկով գրավել  3-րդ տեղը։ 27 մեդալից 14-ը բերվել է Գյումրի։

Ի դեպ, բոլոր 7 ոսկե մեդալները նվաճել են գյումրեցի ծանրորդները։ Այս նվաճումը փոքր չէ, ու պետք է, որ Եվրոպայում լավագույն ցուցանիշներ գրանցած գյումրեցիներին պատշաճ դիմավորեին իրենց հայրենի քաղաքում, ինչպես նախորդ տարիներին։ Բայց ո՛չ Շիրակի մարզպետի աշխատակազմից, ո՛չ էլ Գյումրու քաղաքապետարանից, մարզիկներին դիմավորող  չի եղել։

REGIONS TV-ի ունեցած տեղեկություններով, Շիրակի մարզպետի աշխատակազմը ծանրամարտիկներին դիմավորելու որևէ միջոցառում չի էլ ձեռնարկել։ Գյումրու քաղաքապետարանում էլ չեն հիշել Եվրոպայում մեդալներ նվաճած գյումրեցի ծանրորդների մասին։ Քաղաքապետարանի սպորտի բաժնի երկարամյա պետ Մեխակ Ղազարյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը 2 օր առաջ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և աշխատանքի չի ներկայանում։

Մարզիկները քաղաքի մուտքի մոտ հասել են առավոտյան ժամը 6-ի սահմաններում։ Նրանք հաստատեցին, որ այնտեղ ոչ ոք չի եղել, իրենց տեղափոխող ավտոմեքենան չի էլ կանգնել։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, հաղթանակած մարզիկներին, ավելի շուտ, դիմավորել էին ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը և «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց»-ի հանրույթը։ Այս դպրոցում են իրենց պարապմունքներն անցկացնում ծանրորդ աղջիկները։

Կարինե Կազարովա

Նորություններ