Քաղցկեղածին հիվանդությունների բարձր ռիսկեր հանքարդյունաբերության թափոնների պատճառով․ ահազանգում են մասնագետները | Region

Քաղցկեղածին հիվանդությունների բարձր ռիսկեր հանքարդյունաբերության թափոնների պատճառով․ ահազանգում են մասնագետները

Ապրիլ 30,2025 12:30

Լոռու և Տավուշի մարզերի գյուղատնտեսներն ու փորձագետներն անհանգստացած են․ շահագործվող հանքավայրերի թափոնները լուրջ սպառնալիք են ոչ միայն շրջակա միջավայրի, այլև մարդկանց առողջության համար։

Մի քանի տարի շարունակ փորձաքննության են ենթարկվել հանքերի ազդակիր տարածքների բնակիչների կենսանմուշները։ Չեխիայում՝ Պրահայի քիմիա-տեխնիկական համալսարանում և Պրահայի հանրային առողջության ինստիտուտի լաբորատորիայում կատարված հետազոտությունները պարզել են, որ մարդկանց կենսանմուշներում, հողերի և գետերի նմուշներում թույլատրելիից տասնյակ անգամներ բարձր են մկնդեղի, պղնձի, նիկելի և այլ ծանր մետաղների կոնցենտրացիաները։ Սա նշանակում է, որ քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին հիվանդությունների բարձր ռիսկեր կան մեծահասակների և երեխաների մոտ։

Ախթալա, Ալավերդի, Շնող, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Թեղուտ և այլ բնակավայրերում աղտոտված են հողերը և ջրային ռեսուրսները։ Ըստ մասնագետների, Դեբեդ գետի նստվածքներում ծանր մետաղների կոնցենտրացիան թույլատրելի չափաքանակից բարձր է 80-100 անգամ։

Գյուղատնտեսները նշում են, որ տարածաշրջանում առողջ ապրելակերպի խնդիր կա։ «50 տարի հետո մենք մուտացիայի ենթարկված սերունդ կունենանք»,- համոզված է Տավուշի մարզի Լճկաձոր գյուղի ֆերմեր Դերենիկ Բեջանյանը։

Նրա խոսքով՝ հանքավայրերի թունավոր նյութերի պատճառով այգիներն են չորանում, մթերողներն իրենց բերքը չեն ընդունում, հիվանդությունների աճն ակնառու է, մարդիկ էլ հուսալքված լքում են իրենց տները և այլ տարածքներ տեղափոխվում։

Խնդիրը բարձրաձայնում են տարիներ շարունակ, բայց իշխանությունների կողմից արձագանք չկա։

Իրենց մտահոգությունները բնակիչները հերթական անգամ հայտնել են Ալավերդի – Նոյեմբերյան մեդիաարշավի ժամանակ,  որը կազմակերպել էր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Այս արշավի նպատակն է Հայաստանի կառավարության ուշադրությունը հրավիրել Դեբեդի խնդիրներին, որպեսզի գործադիրը մշակի Դեբեդ գետի էկոհամակարգի պահպանման և հոգատարության ազգային ռազմավարությունը։

Նորություններ