Դեբեդի վարարման նոր վտագ կա․ բնակիչներն անհանգստացած են

Անցած տարի մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով մեծ ավերածություններ էին տեղի ունեցել Լոռու և Տավուշի մարզերի տասնյակ բնակավայրերում։ Մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ էր։ Հեղեղումների հետևանքով եղան զոհեր, փլուզվել էին ճանապարհներ, քանդվել կամուրջներ, ավերվել այգիներ, մարդկանց տները ջրածածկ էին եղել։ Մի քանի գյուղերի հետ կապը երկար ժամանակ կտրված էր։ Աղետի գոտուց տարհանվել էին հարյուրավոր բնակիչներ։
Դեպքից 1 տարի անց աղետի հետևանքները լիարժեք վերացված չեն, տուժած գյուղերի բնակիչները դժգոհ են իրենց ստացած փոխհատուցումից։ REGIONS TV-ի նկարահանող խումբը «Դեբեդ՝ իմ գետ» մեդիաարշավի շրջանակներում այցելել է աղետից տուժած բնակավայրեր, նկարահանել գետի հասցրած վնասները, զրուցել Լոռու և Տավուշի մարզերի բնակիչների հետ։ Մարդիկ պատմել են իրենց կրած մեծ վնասների ու ստացած չնչին փոխհատուցումների մասին։ Նրանց խոսքով՝ Դեբեդի վարարման վտանգն հիմա էլ առկա է, իսկ իրենց այգիները գետից պաշտպանելու միջոցառումներ ձեռնարկված չեն։
Ալավերդի – Նոյեմբերյան մեդիաարշավը կազմակերպել էր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է Հայաստանի կառավարության ուշադրությունը հրավիրել Դեբեդի խնդիրներին, որպեսզի գործադիրը մշակի գետի էկոհամակարգի պահպանման և հոգատարության ազգային ռազմավարությունը։