ՔՊ-ն ծայրահեղ կախվածության մեջ է «Հանրապետություն» կուսակցությունից, դրա համար էլ թաղապետին պաշտոնանկ չարեց․Արամ Թորոսյան

«Թաղապետին պաշտոնից չազատելը նախ և առաջ խոսում է իշխող քաղաքական ուժի «Հանրապետություն» կուսակցությունից ունեցած ծայրահեղ կախվածության մասին։ Նրանք դեպքից հետո հայտարարեցին, որ բոլորով հրաժարական կտան՝ եթե Տիգրան Ավինյանը որոշի հեռացնել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին։ Հնարավոր է դուրս գային նաև կոալիցիայից. դա կտապալեր քաղաքի կառավարումը։ Նման զարգացումը կարող է ենթադրել արտահերթ ընտրություններ, ինչը ՔՊ-ն չի կարող թույլ տալ»,-REGIONSTV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով Երևանի Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին։
Հիշեցնենք, ապրիլի 30-ին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ենթակաների հետ ծեծի էր ենթարկել ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանին։ Միջադեպը վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել։
Հիշեցնենք նաև, որ միջադեպից առաջ Չախոյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ցույց էր տվել Նոր Նորքում մի մանկապարտեզ՝ պնդելով, որ դրա շինարարությունն անորակ է, բազմաթիվ թերություններ կան։ Կառուցապատողն այս առնչությամբ հայտարարել է, որ մանկապարտեզի շինաշխատանքներն ավարտված չեն, այն դեռ պաշտոնապես չի հանձնվել պատվիրատուին՝ թաղապետարանին։
Այս տեսանյութից հետո թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը զանգահարել էր Չախոյանին և անպարկեշտ բառերով սպառնացել նրան։
Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը թաղապետարանի շենքում Տեր-Մարգարյանի սպառնալիքներից հետո ակցիա են արել՝ թաղապետի լուսանկրաների վրա յոգուրտ են լցրել։
Ապա Չախոյանն ապրիլի 30-ին գնացել էր թաղապետարան, իր խոսքով՝ տեսնելու թաղապետին։ Այդ ժամանակ էլ աշխատակիցների ու Չախոյանի միջև վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել։ Աշխատակիցներից մեկի «արա»-ին ի պատասխան Չախոյանը հրեց նրան, որից հետո սկսվեց ծեծկռտուքը։ Թաղապետը միացավ այս ծեծկռտուքին ու սկսեց բռունցքով հարվածել Չախոյանին։
Այս առնչությամբ քրեական գործ է հարուցվել, մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու, մեղադրյալներից մեկը թաղապետն է։
Միջադեպը տեղի է ունեցել տեսախցիկների առաջ։ Այս աղմկահարույց դեպքից հետո շատերն ակնկալում էին, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անմիջապես պաշտոնանկ կանի Տիգրան Տեր-Մարգարյանին։ Սակայն նա դեռ շարունակում է պաշտոնավարել։
Արամ Թորոսյանը կարծում է, որ իշխանություններին պակասում է սկզբունքայնությունը, հակառակ դեպքում Տիգրան Տեր-Մարգարյանը արդեն պետք է ազատված լիներ զբաղեցրած պաշտոնից.«ՔՊ-ն ամեն ինչ անում է, ու կարծում եմ դեռ ավելին էլ է պատրաստ, միայն թե շարունակի իշխանության մնալ։ Նրանք սկզբունքային քաղաքական գործիչներ չեն։ Այս դեպքում միանշանակ պետք է այդ մարդուն գործից ազատեին։ Անկախ նրանից այդ մարդուն սադրել են, թե չեն սադրել, իր վարքագիծը անընդունելի էր»։
Նշենք, որ Երևանում կառավարումը ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցության կոալիցիայով է։ 2023 թվականին Երևանի ավագանու ընտրություններում որևէ ուժ 50+1 ձայն չհավաքեց։ Ուստի Տիգրան Ավինյանը քաղաքապետ ընտրվեց «Հանրապետություն» խմբակցության և «ԴՕԳ» մականունով Վարդան Ղուկասյանի ղեկավարած ուժի մի քանի անդամի ձայների շնորհիվ։
Խոսելով անձամբ թաղապետի հնարավոր գործողությունների մասին, Թորոսյանն ասաց, որ ստեղծված իրավիճակում նրա ամենաճիշտ որոշումը կլիներ հրաժարականի դիմում ներկայացնելը, քանի որ իր այս քայլով վատ դրության մեջ է դրել նաև իր գործընկերներին.«Եթե որպես պետական այր դու թերացել ես, չես կարողացել քեզ տիրապետել, ու մաս ես կազմել ծեծկռտուքի, բարի եղիր ու ինքնուրույն դու’րս արի։ Թող գնար, ասեր սխալվել եմ, ու պատրաստ եմ օրենքի ուժով բոլոր պրոցեդուրաները անցնելու, որպեսզի տանք իմ արարքների իրավական գնահատականը։ Այստեղ խոսքը գնում է պատասխանատվության զգացողության մասին, որը բացակայում է հատկապես իշխանական թևում»։
Նիկոլ Մարգարյան