Հնդկաստանի կողմից Պակիստանում թիրախներին հասցված հարվածների հետևանքով 70 զինյալ է զոհվել. NDTV | Region

Հնդկաստանի կողմից Պակիստանում թիրախներին հասցված հարվածների հետևանքով 70 զինյալ է զոհվել. NDTV

Մայիս 07,2025 12:55

Հնդկաստանի կողմից Պակիստանում գտնվող ինը թիրախներին հասցված 24 հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է շուրջ 70 զինյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին։

«Ավելի քան 60 ահաբեկիչ վիրավորվել է ինը թիրախներում», – հավելում է NDTV-ն։

Հաղորդվում է, որ թիրախավորված օբյեկտներն ահաբեկչական գործունեության կենտրոն էին հանդիսանում, և ճշգրիտ հարվածների միջոցով թիրախավորվել են «Լաշքար է Թայբա» և «Ջաիշ է Մոհամմադ» ահաբեկչական խմբավորումների հետ կապված ճամբարները։

«Աղբյուրները հաղորդում են, որ հակահարվածը զգալիորեն վատթարացրել է այս ահաբեկչական խմբավորումների գործառնական հնարավորությունները», – նշում է լրատվամիջոցը։

«Սինդուր գործողությունը», ինչպես Հնդկաստանն անվանում է Պակիստանի վրա հարվածները, երկրի պատասխանն է ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։

Պակիստանում Հնդկաստանի հարվածներից զոհվել է 26 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 46-ը, իսկ Հնդկաստանում Պակիստանի պատասխան հարվածներից զոհվել է 10 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 48-ը։

 

Նորություններ