Գյումրիում նշվում է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը․․․ առանց վետերանների | Region

Գյումրիում նշվում է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը․․․ առանց վետերանների

Մայիս 09,2025 11:04

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հանդիսավոր միջոցառումներ են անցկացվել նաև Գյումրիում։ Արդեն մի քանի տարի  Հաղթանակի օրը Գյումրիում նշվում է առանց վետերանների։ «Անմար կրակի» մոտ նրանց որդիներն են, թոռները՝ իրենց հարազատների լուսանկարներով։

Գյումրու 8-րդ զինվորական ավանից մեկնարկած «Անմահ գունդ» շարասյան երթը հասել է «Մայր Հայաստան» հուշահամալիր։ Արարողությանը ներկա էին Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի, 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի Գյումրու կայազորի զինվորականները, տեղական իշխանության ներկայացուցիչները, պատերազմի մասնակիցների հարազատները։

Մինչ այդ, հայ-ռուսական պատվիրակությունը Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հարգել է Գյումրու թիվ 2 գերեզմանատանը։

Հայրենական Մեծ պատերազմի հայազգի մասնակիցների թիվն ավելի քան 500 հազար է, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները՝ Խորհրդային Միության այլ հանրապետություններից։ 1941-1945 թթ.-ին շուրջ 8000 լենինականցիներ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին։ Նրանցից մոտ 3000-ը զոհվել է մարտերում։

Բազմաթիվ լենինականցիներ արժանացել են տարբեր շքանշանների ու մեդալների, իսկ Աշոտ Ամատունին, Արտյոմ Պետրոսյանը և Արամայիս Պողոսյանը՝ Սովետական Միության հերոսի կոչման։

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում այսօր տեղի է ունեցել նաև ռազմական տեխնիկայի ցուցադրություն, կազմակերպվել է նաև դաշտային խոհանոց։

Կենտրոնական զբոսայգում ծաղիկներ են խոնարհվել գնդապետներ Արտաշես Վասիլյանի և Հակոբ Սարգսյանի գերեզմաններին։

Նորություններ