«Կեղծ և շինծու հոդվածներ են դրել․ խուլիգանություն և դատարանի նկատմամբ վիրավորանք, որպեսզի մեկուսացնեն Լիլիթ Աղեկյանին»․ Զարուհի Փոստանջյան

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում այսօր դատական նիստ է հրավիրվել, որի ժամանակ պետք է որոշվի գյումրեցի հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորելու հարցը։ Դատարանում REGIONS TV-ին հայտնեցին, որ նիստը դռնփակ է, լրագրողների, նաև Լիլիթ Աղեկյանի մոր և փաստաբան Զարուհի Փոստանջյանի մուտքը դատարան արգելվեց։ Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ինքը Լիլիթ Աղեկյանի փաստաբանն է, բայց երեկվանից, ինչ նրան ձերբակալել են, իրեն թույլ չեն տալիս իր պաշտպանական իրավունքն իրականացնել։ Դատարանում հայտնեցին, որ Աղեկյանին տրամադրել են հանրային պաշտպան։ Ըստ Փոստանջյանի՝ Աղեկյանը հրաժարվել է պաշտպանից, ինչը հաշվի չի առնվում։
Փոստանջյանը համոզված է, որ քննիչը կեղծ փաստաբանի է ներգրավել գործում, որը երեկ ամբողջ գիշեր ոչ մի գործողություն չի արել, չի բողոքարկել քննիչի ապօրինի գործողությունները։
Փոստանջյանի խոսքով՝ իրեն էլ մեկուսացրել են, դիտարկում են որպես վկա և ասում են, որ չի կարող լինել որպես փաստաբան, մինչդեռ, ասում է՝ ինքն ի սկզբանե եղել է Աղեկյանի փաստաբանը։
Լիլիթ Աղեկյանի մոր տեղեկացմամբ՝ իր դստերը բերման են ենթարկել մայիսի 8-ի երեկոյան, իրենց տնից՝ առանց փաստաթղթեր ներկայացնելու, բռնություն գործադրելով, նրան դուրս են հանել տնից։
«Երեկ երեկոյան ժամը 18։00-ից մինչև հիմա Լիլիթ Աղեկյանին պտտեցրել են, մեկ տարել են քննչական կոմիտե, հետո տարել ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր, հետո՝ հիվանդանոց, պահել են, լրիվ չեն հետազոտել ու պարզ չէ, թե ինչից է նրա առողջական վիճակը վատացել, հետո էլ բերել են այստեղ, 4 ժամ պահել են դատարանում ու նորից տարել ձերբակալվածների պահման վայր։ Հիմա նոր բերեցին դատարան՝ առանց ապահովելու նրա պաշտպանական իրավունքը։ Դիտավորյալ ընտրել են այս 2 օրերը, որ աշխատանքային օրեր չլինեն և չկարողանանք բողոքարկել քննիչի ապօրինի գործողությունները։ Կեղծ մեղադրանք է, ես բանավոր կարգով եմ իմացել, որ Լիլիթ Աղեկյանն իբր կատարել է խուլիգանություն և վիրավորել է դատարանին, դատարանին ասել է՝ կոռումպացված։ Ի դեպ, այս դեպքը տեղի է ունեցել մոտ 1 ու կես ամիս առաջ, թե ինչու են հիմա Աղեկյանին ձերբակալում, պարզ չէ»,- հայտնեց Փոստանջյանը։
Ըստ նրա, Աղեկյանի դեմ քաղաքական պատվեր են կատարում, որովհետև նա մի շարք բացահայտումներ է արել Շիրակի մարզի կրթական համակարգում տեղի ունեցող չարաշահումների մասին։ Այդ բացահայտումների մի մասը վերաբերում է Գյումրու թիվ 32 դպրոցին ու նախկին տնօրեն Արմինե Սուքիասյանին, ով, ըստ Փոստանջյանի, քրեական պատասխանատվության է կանչվել ու համաձայնություն տվել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի վաղեմության հիմքով։
Փոստանջյանն ասում է, որ Աղեկյանի նկատմամբ կեղծ և շինծու հոդվածներ են առաջադրել․ խուլիգանություն և դատարանի նկատմամբ վիրավորանք, որպեսզի մեկուսացնեն նրան։
Կարինե Կազարովա