Ոստիկանությունը քասախցիների ցույցի ժամանակ ուժ կիրառեց․բերման է ենթարկվել 11 անձ, այդ թվում՝ անչափահասներ

Քասախի բնակիչներն այսօր վաղ առավոտից կրկին բողոքի ցույց են իրականացնում։ Նրանք պահանջում են վերականգնել 59 համարի ավտոբուսի աշխատանքը։
Բողոքի ցույցը թեժացավ, մեծ թվով ոստիկաններ էին հսկում այն, և երբ բնակիչները որոշեցին փակել ճանապարհը, ոստիկանները գործի անցան, սկսեցին ուժ կիրառել։
Ոստիկանության ծառայողները սկսեցին ցույցի մասնակիցներին բերման ենթարկել, այդ թվում՝ անչափահասների։
Ոստիկաններից մեկը ուժ կիրառեց, հարվածեց ցույցը լուսաբանող 24news-ի լրագրող Մերի Մանուկյանին։
Քիչ առաջ ոստիկանությունից հայտնեցին, որ բերման է ենթարկվել 11 անձ՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Իսկ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու համար ծառայողական քննություն է նշանակվել:
«Մենք ընդամենը խաղաղ ակցիա էինք անում, իսկ ոստիկանությունը ուժ կիրառեց, հրում էին մարդկանց։ Ոստիկաններն ի սկզբանե շատ ագրեսիվ էին տրամադրված։ Ընդամենը ուզում ենք, որ ավտոբուսը 200 մետր վերև բարձրանա, դրա համար մարդուն բերմա՞ն են ենթարկում»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ քասախցիները բողոքի ցույցեր սկսեցին իրականացնել ապրելի 5-ից, երբ նշված համարի ավտոբուսի երթուղին փոխվեց։ Պռոշյան և Քասախ բնակավայրերի բնակիչների համար թիվ 25 և 59 ավտոբուսի երթուղին փոխելը մեծ դժվարություններ է առաջացրել, քանի որ այդ ավտոբուսներով նրանք կարողանում էին Երևան հասնել։ Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները պետք է հասնեն միայն համայնքի սկզբնամաս։ Բնակիչների շրջանում այս որոշումը դժգոհություն առաջացրեց։ Նոր երթուղին սպասարկող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը այն սպասարկելու ավելի թանկ ուղեվարձով 250 և 200 դրամ, ընդ որում, ավտոբուսը իրենց համայնքներից հասնելու է մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտի մոտ, իսկ մինչ այս որոշումը այն հասնում էր մինչ Հաղթանակի զբոսայգի։