Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Սյունիքի դատարանի որոշումը․ Ջալալ Հարությունյանը մեղավոր է

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, մերժեց ներկայացված բողոքները։
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով վճռի եզրափակիչ մասը։
Այսինքն, Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, հաստատեց, որ Ջալալ Հարությունյանը մեղավոր է։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ հինգ տարի վեց ամիս ժամկետով։
Այսօրվա դատական նիստին ներկա էին զոհվածների ծնողները, որոնք իրենց որդիների նկարներով էին։
«Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր այդքան համարձակություն ունեն եւ չեն մասնակցում սրբապղծությանը։ Մենք հերոս երեխա էլ չենք ուզում։ Թող մեր երեխաները վերջին հերոսները լինեն, մենք էլ հերոս երեխա չենք ուզում»,-հայտարարում էին ծնողները։
Հիշեցնենք, որ Հարությունյանի դեմ մեղադրանքը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։ Ըստ մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանը համակողմանի չի ուսումնասիրել, չի մշակել իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, բայց առանց հիմնավորման նշել է, թե մոտեցող խմբավորումը յուրային է։ Տեղեկությունը հաղորդվել է «Ցորի» դիվիզիոնի անձնակազմին, մինչդեռ մոտեցող խմբավորումը ադրբեջանական ստորաբաժանումն էր։ Այս ամենի հետևանքով զինվորները հայտնվել են հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայող է զոհվել, 7-ը՝ վիրավորվել, զորամասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։