Պայքարելու ենք բոլոր իրավական ճանապարհներով, հարկ լինի՝ նաև մեր գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ․ ՀԷՑ-ի արձագանքը այն պետականացնելու Փաշինյանի մտադրությանը | Region

Պայքարելու ենք բոլոր իրավական ճանապարհներով, հարկ լինի՝ նաև մեր գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ․ ՀԷՑ-ի արձագանքը այն պետականացնելու Փաշինյանի մտադրությանը

Հունիս 30,2025 14:55

Մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ, անհրաժեշտության դեպքում՝ նաև մեր գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ միասին, որոնցից շատ վատ արձագանքներ է ստանում: Ունենք ուժեղ իրավաբանական թիմ, մենք ճիշտ ենք։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց  ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն՝ անդրադառնալով ՀԷՑ-ը  պետականացնելու իշխանության մտադրությանը։

Անդրադառնալով այն փաստին, որ իշխանությունները մինչև այս պահը չեն փորձել առաջացած խնդրի վերաբերյալ քնննարկում իրականացնել, կամ ներկայացնել իրենց ունեցած դժգոհությունները, Ղազինյանն ասաց․«Իմ անձնական կարծիքով իրենք վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան: Պետականացնելու մասին մտածելիս պիտի ասեմ, որ այստեղ խելագարության կանխավարկածի խնդիր կա»:

Հարցին՝ ՀԷՑ-ի աշխատանքի վերաբերյալ պարբերական  դժգոհությունները առիթ չե՞ն եղել եզրակացնելու, որ այդ ամենը վերջիվերջո իր հետևանքները ունենալու է, պարոն Ղազինյանը պատասխանեց, որ  խնդիրների մասին ի սկզբանե տեղյակ է եղել թե´ կառավարությունը, թե´ ՀԾԿՀ-ը, սակայն գոհ են եղել կատարվող աշխատանքի դինամիկայից: Ասաց, որ իրենք երբեք չեն նշել, թե ՀԷՑ-ում խնդիրներ չկան, բայց ահա գործելաոճում եղել են սխալներ, որոնք այսուհետ կաշխատեն կշտկել.«Օրինակ մինչև այս մենք չենք տարանջատել հոսանքազրկումները: Սակայն այսուհետև պնդում եմ անելու, որ հոսանքազրկումները ամբողջությամբ հրապարակայնեցվեն, և տարանջատվեն: Այսինքն՝ ու՞մ կողմից, կամ ու՞մ սեփականության բալանսի վրա եղած ենթակայանում կամ մալուխներում եղած խնդիրների պատճառով է եղել հոսանքազրկումը: Մեր ազգաբնակչությունը մտածում է՝ սակագինը վճարեց գնում է Կարապետյան Սամվելի գրպանը, հոսանքը անջատվեց՝ մեղավոր է ՀԷՑ-ը: Այս տարանջատման ժամանակ խնդիրը այդ մասով կլուծվի»:

Դավիթ Ղազինյանը նշեց, որ այս իրավիճակում իմիջային խայտառակ վնասներ կրել է պետությունը, իսկ ՀԷՑ-ի և Սամվել Կարապետյանի վարկանիշը ընդհակառակը բարձրացել է: Վստահեցրեց՝ այս գործընթացը պետական կառավարման մեծ ռիսկեր է ունի․«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ դեպքերում բոլոր տեղերում առաջացել են ֆինանսական խնդիրներ, հոսանքի մատակարարման խնդիրներ, որն էլ բերել է սակագնի թանկացման: Այն չափորոշիչները, որոնք դրված են պետության կողմից, շատ սխալ են դրված»:

Ճշտող այն հարցին՝  ԱԺ նախաահ Ալեն Սիմոնյանը, ով եղել է Դավիթ Ղազինյանի կուրսեցին, այս ընթացքում չի՞ փորձել հանդիպել ու իր հետ քննարկել այս հարցը, Ղազինյանը պատասխանեց, որ 2017 թվականից հետ Ալեն Սիմոնյանի հետ չի հանդիպել. «Չի եղել ոչ մի զանգ, ոչ մի կապ, ընդհուպ մինչև որևէ միջնորդավորված հարաբերություն, առավել ևս իր պաշտոնատար անձ դառնալուց հետ»:

Նշեց նաև, որ վերջին դեպքերից հետո չի բացառում իրադարձությունների որևէ զարգացում, ընդհուպ մինչև այն, որ իրենց հետ «կխոսեն ոչ իրավական լեզվով, կամ կհարձակվեն ՀԷՑ-ի շենքի վրա.«Ազնվությամբ, չեմ բացառում ոչ մի բան: Պատրաստ ենք պաշտպանվել բոլոր հնարավոր իրավական միջոցներով: Եթե պաշտպանական բարիկատները դրանք իրավական միջոցների մեջ են մտնում, ես պատրաստ եմ»:

Նա նաև ներկայացրեց ընկերության աշխատանքի արդյունքները, հիշեցրեց՝ 2015 թվականին, երբ ՀԷՑ ՓԲԸ-ն ձեռք է բերվել «Տաշիր Գրուպ»-ի կողմից, ի դեմս Սամվել Կարապետյանի, այն եղել է շատ վատ վիճակում:

«Մեր սխալը երևի եղել է այդ շատ վատ վիճակը մանրամասն չներկայացնելը: Դրանից հետո կազմվել է ներդրումային ծրագիր, ներգրավվել են միջազգային գործընկերներ, և տարվել են աշխատանքներ, որպեսզի այդ վատ վիճակը կամաց-կամաց բերվի ու համապատասխանեցվի միջազգային զարգացած երկրների փրձին: 2015 թվականից սկսած «KPMG» ընկերությունը ամեն տարի մեզ մոտ անցկացրել է աուդիտ: 2018-2022 թվականների ընթացքում ընկերությունում եղած հարկային ստուգումները ավարտվել են զրոյական ակտով»,-ասաց  ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի Ժ/Պ Դավիթ Ղազինյանը:

Նրա ներկայացմամբ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այս ընթացքում ակնարկ անգամ չի եղել այն մասին, թե ոլորտը մի վիճակում է, երբ հնարավոր է զրկվի համապատասխան լիցենզիայից, հակառակը՝ վերջին տարիներին ոլորտը միայն բարեկարգվել է.«2023 թվականի վերլուծական տեղեկանքը պատրաստ է: Հոսանքազրկումների միջին հաճախականության ցուցանիշը ՀՀ ամբողջ տարածքում 2022-ի համեմատ բարելավվել է շուրջ 8,7 տոկոսով, նույն թվականի համեմատ հոսանքազրկումների միջին տևողությունը բարելավվել է 18,1 տոկոսով, իսկ հոսանքազրկումների վերականգնման միջին տևողությունը 12,85 տոկոսով: Ընդհանուր առմամբ 2023 թվականի ներդրումսյին ծրագիրը կատարվել է 91,8 տոկոսով, որը բավականին բարձր ու լավ ցուցանիշ է»:

Նիկոլ Մարգարյան

Նորություններ