«Վեհարանն ազատելու գործընթացն առաջնորդելու ենք այնպես, ինչպես Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից»․Փաշինյան

«Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ և հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով լրագրողի՝ եկեղեցու դեմ սկսած իր արշավի մասին հարցին։
«Հայ Առաքելական եկեղեցին ինձ ու իմ ընտանիքի համար սրբություն է, հետևաբար մենք չենք կարող արշավել եկեղեցու դեմ։ Այն, ինչ մենք անում ենք, հանուն եկեղեցու է, հակառակ դեպքում և եթե եկեղեցին մեզ համար սրբություն չլիներ, մենք կարող էինք անտարբեր գտնվել այն կործանարար ընթացքի նկատմամբ,որը տեղի է ունենում Հայ Առաքելական եկեղեցում, առավելևս այն պայմաններում, երբ եկեղեցու այդ գործելակերպն ուղիղ վնաս է հասցնում հենց եկեղեցուն»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցու նորոգման անհրաժեշտության մասին իր օրակարգը կիսում են ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների ամբողջ բանակը․«Եթե որևէ մեկը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, չի կարող անտարբեր հետևել եկեղեցու անկմանը»։
Լրագրողի հարցին՝ արդյոք չեք վախենում աստծո նզովքից, Փաշինյանը պատասխանեց․«Իսկ որտեղից ձեզ տեղեկություն, որ աստված ինձ նզովել է։ Իսկ գուցե նզովում է նրանց, ովքեր աստծո տունը պղծում են»։
Ապա նա անդրադարձավ հոգևորականներից մեկի հայտարարությանը․«Կուսակրոն քահանաներն ասում են՝ «ինչ են գլուխ գովում, մի ամսից ավել, ով կարող է առանց կնոջ ապրի»: Գիտե՞ք՝ դա ինչ է նշանակում, նշանակում է, որ էդ մարդիկ բացի նրանից, որ իրենց կուսակրոնության ուխտը խախտում են, իրենք Մեծ պահք էլ չեն պահում: Դուք ուզում եք ասել, որ այդ մարդիկ կարո՞ղ են ինձ նզովել: Ես կարող եմ իրենց նզովել, բայց չեմ նզովում»,-ասաց Փաշինյանը։
Հավելեց․ «Մարդիկ հարցնում են, որ ասել եք՝ առաջնորդելու եք Վեհարանն ազատելու գործընթացը, ինչպես եք ազատելու: Այնպես, ինչպես Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից»:
Մանրամասն՝ տեսանյութում