«Համաձայն չեմ, որ Ռուսաստանը հանձնեց Արցախը, դաժան կհնչի, բայց Արցախը հանձնեց հայ ժողովուրդը»․Արմեն Աշոտյան | Region

«Համաձայն չեմ, որ Ռուսաստանը հանձնեց Արցախը, դաժան կհնչի, բայց Արցախը հանձնեց հայ ժողովուրդը»․Արմեն Աշոտյան

Օգոստոս 05,2025 16:30

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր խափանման միջոցի փոփոխությունից (տնային կալանքը դադարեցվել է, սահմանվել է վարչական հսկողություն) հետո առաջին անգամ լրագրողների հետ հանդիպմանն անդրառնալով կալանավորված միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի կողմից նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրությանն ու այդ նորաստեղծ ուժի հետ հնարավոր համագործակցությանն, ասաց, որ այս պահին ՀՀ-ում նոր քաղաքական ուժերի ստեղծման համար կա «պարարտ հող» և որ իրենք շահագրգռված են, որպեսզի գաղափարական իմաստով իրենց մոտ ու հնարավորինս ուժեղ քաղաքական ուժ ձևավորվի, բայց դրա ստեղծման ու համագործակցության առումով հասարակությունը շտապում է։

«Այս հարցը շատ ավելի հաճախ է քննարկվում, քան օբյեկտիվ տեսանելի իրադարձությունները այդպիսի բան ենթադրում են։ Ես կուզենամ, որ Սամվել Կարապետյանի քաղաքական պրոդուկտով զբաղվող թիմը նմանատիպ հարցուպատասխաններից հանկարծ  չշտապի։ Հանրության ակնկալիքները կան, բայց այս լրատվաքաղաքական դիսկուրսը այդ մարդկանց ոչ պետք է շտապեցնի, ոչ էլ ուշացնի, որպեսզի նրանք կարողանան բավարարել ոչ թե ձեր ու իմ ակնկալիքները, այլ բավարարեն այն խնդիրների լուծմանը, որի համար իրենք ստեղծվել են»,-ասաց Աշոտյանը։

Թե ի՞նչն էընդդիմության ձախողումների պատճառը․ այս տարիներին ընդդիմադիր շարժումներ են ձևավորվել, սակայն շատ արագ անհետացել են քաղաքական դաշտից, հարցին ի պատասխան ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ ներկայիս ընդդիմությանը պակասում է «ներվը»․«Իշխանությունները գնալով դառնում են անբարո, ընդդիմությունը ցավոք՝ անմրցունակ, և մեզ պետք է վերադարձնել այդ մրցունակությունը։ Ընդդիմության մեջ ուժերի ջլատումն ու էներգիայի վատնումը ավելորդ հարցերի  շուրջ, որոնք արհեստածին են ու օրակարգի հետ կապ չունեն նպաստում է դրան, և պղտորում է այն մթնոլորտը, որը առանց այն էլ բյուրեղյա չէ։ Ամեն դեպքում, իմ խորին համոզմամբ ընդհանրական ընդդիմությունը դեռ ասելիք ունի»։

Անդրադառնալով ՀՀԿ-ի և ՀՀ 2-րդ նախագահի թիմի միջև վերջին շրջանում լարված հարաբերություններին, փոխադարձ վիրավորանքներին, Աշոտյանն ասաց, որ նորմալ է, տարբեր քաղաքական ուժերի միջեւ կարող են լինել տարաձայնություններ, սակայն նորմալ չէ, որ դրանք դառնում են առաջնային, այն դեպքում, երբ առաջնային հարցերը պետք է լինեին ազգային եւ պետական շահերից բխող հարցերը։

«Տեսնում եմ որոշակի տերմինների մանիպուլյացիա. ես եւ իմ ընկերները երբեք չենք խոսել այն մասին, որ ընտրություններին պետք է գնանք միասին։ Այսինքն՝ տարանջատվում ենք, որ առանձին գնանք ընտրությունների, ինքնին մանիպուլյատիվ է, քանի որ երբեք ոչ մի ՀՀԿ-ական չի աասել, թե պետք է միասնական դաշինքով գնալ ընտրությունների»,-նշեց Աշոտյանը։ Նա հավելեց՝ ՀՀԿ-ն ոչ մեկից տարանջատվելու ո՛չ խնդիր ունի, ոչ  էլ նպատակ․«Որովհետեւ ոչ մեկի հետ երբեւէ այդքան մերձեցած չենք եղել, որ բաժանվենք, ոչ մեկի հետ ամուսնացած չենք եղել, որ ամուսնալուծվենք։ ՀՀԿ-ն ոչ մեկի ամուսինը չէ, լավ ընկեր է քաղաքական դաշտում»։

 Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, ըստ որի ուրբաթ օրը ԱՄՆ-ում հնարավոր է փաստաթութղ ստորագրվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, որը խաղաղության պայմանագիր չէ, սակայն դրան նախապատրաստող փաստաթուղթ է, այս առնչությամբ ՀՀԿ փոխնախագահն ասաց՝ այդ պայմանագրի ստորագրումը պետք է միայն Նիկոլ Փաշինյանին․«Եթե անգամ այդ փաստաթուղթը ստորագրվի, դա պետք չէ Հայաստանին։ Գուցե պետք է Ադրբեջանին, որպեսզի Թրամփի վրա դա ծախի որպես լավություն։ Այստեղ որևէ երկարատև գեոպոլիտիկ շահ ունենալ Հայաստանը չի կարող»։

Նա նաև նշեց․«Տարածաշրջանում բնական աշխարհաքաղաքական ներկայություն չունեցող ԱՄՆ-ի հովանու ներքո հնարավոր գործարքը խնդրահարույց կլինի Հայաստանի անվտանգության տեսանկյունից»։

Աշոտյանն անդրադառնալով արցախյան խնդրին, ասաց․« Համաձայն չեմ, որ Ռուսաստանը հանձնեց Արցախը, դաժան կհնչի, բայց Արցախը հանձնեց հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդը չպայքարեց այն իշխանության դեմ, որի ձեռքով հանձնվեց Արցախը։ Արցախը դարձավ Նիկոլի անձնական ամբիցիաների, քաղաքական տերերի տարաբնույթ գեոպոլիտիկ կոմբինացիաների զոհ։ Կարո՞ղ է այն նորից դառնալ հայկական` այո։ Չվհատվեք, ձեր հավատքը պետք է ձեր սրտում լինի»

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել ծանր հետևանքներով պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման համար։ Նա ձերբակալվել էր 2023 թվականի հունիսի 16-ին։ Այնուհետև, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը։ 2025 թվականի օգոստոսին տնային կալանքը փոխարինվել էր վարչական հսկողությամբ։

Նիկոլ Մարգարյան

 

 

Նորություններ