Մովսես Քեշիշյան. Թեհրանը լրջորեն մտահոգված է տարածաշրջանում արտատարածաշրջանային դերակատարների, հատկապես ԱՄՆ-ի ներկայությամբ, միաժամանակ հասկանալով, որ Մոսկվային չի կարելի վստահել | Region

Մովսես Քեշիշյան. Թեհրանը լրջորեն մտահոգված է տարածաշրջանում արտատարածաշրջանային դերակատարների, հատկապես ԱՄՆ-ի ներկայությամբ, միաժամանակ հասկանալով, որ Մոսկվային չի կարելի վստահել

Օգոստոս 07,2025 15:40

Վաղը Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը՝ տարածաշրջանում խաղաղության, բարգավաճման և տնտեսական համագործակցության խթանման նպատակով: Այս հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահը առանձին խորհրդակցություններ կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ:

Հանդիպումից սպասելիքները տարբեր են: Մինչ որոշ աղբյուրներ խոսում են փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին, մյուսները խոսում են լիարժեք խաղաղության պայմանագրի հնարավոր կնքման մասին:

Middle East Eye-ը  հաղորդում է Սպիտակ տանը փոխըմբռնման հուշագիր ստորագրելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու մտադրության մասին: «Վաշինգտոն Փոստ»-ը գրում է, որ երևանի և Բաքվի միջև կստորագրվի վերջնական խաղաղության պայմանագիր, որի շուրջ աշխատանքներն արդեն մի քանի տարի են ընթանում։

Կողմերը ամիսներ առաջ հայտարարել էին, որ ընդհանուր առմամբ համաձայնեցրել են  պայմանագրի տեքստը, սակայն Բաքուն դեռևս նախապայմաններ է առաջ քաշում։

Թեհրանում հրատարակվող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը RegionsTV-ի հետ զրույցում նշում է՝ փաստաթղթի ստորագրումից ավելի կարևոր է կողմերին խրախուսել ցուցաբերել խաղաղության հասնելու կամք, ինչը Բաքվում հաճախ չի նկատվում, և հենց այստեղ պետք է գործադրվի ամերիկյան ճնշումը:

Քեշիշյանի խոսքով՝ դա կաշխատի, քանի որ Վաշինգտոնին դա իսկապես անհրաժեշտ է իր հետագա ծրագրերի և գերիշխանության պարտադրման համար:

Մովսես Քեշիշյանը հիշեցնում է, որ Թրամփը ձգտում է Նոբելյան խաղաղության մրցանակին։

«Նա չկարողացավ հրադադարի հասնել ռուս-ուկրաինական պատերազմում, ինչպես նաև լուծել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, ուստի հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղությունը կամ խաղաղության վերաբերյալ ցանկացած համատեղ հայտարարություն կարող է մեծ բոնուս համարվել Թրամփի համար, և նա կանի ամեն ինչ՝ այս մրցանակը շահելու համար»,-ասաց իրանցի վերլուծաբան Մովսես Քեշիշյանը։

Սյունիքով անցնող 42 կիլոմետրանոց ճանապարհը վարձակալության տալու ԱՄՆ առաջարկի վերաբերյալ Քեշիշյանը շեշտեց, որ տրանսպորտային ճանապարհները պետք է բացվեն, և սա նաև Հայաստանի շահերից է բխում, իհարկե, սա չպետք է սահմանափակվի միայն Սյունիքի ճանապարհով։

«Այստեղ խնդիրը միայն Ադրբեջանին ճանապարհ տրամադրելը չէ, քանի որ եթե Հայաստանը չպետք է օգտագործի բացված ճանապարհները, ապա այդ դեպքում ի՞նչ է նշանակում ապաշրջափակումը։ Մեզ հետաքրքրում է, թե սեղանին դրված ցանկացած առաջարկ որքանով է համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին, որքանով է այն ընդունելի Երևանի համար։ Կարծում եմ, մանավանդ այս ժամանակահատվածում, միայն ԱՄՆ-ն կարող է  քաշել Բաքվի բռնապետի սանձերը, այդ հարցում արդեն Մոսկվան փաստել է իր անկարողությունը, իսկ Անկարան դժվար թե համարձակվի Վաշինգտոնին դեմ գնալ», – ընդգծեց «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։

Մովսես Քեշիշյանը հիշեցրեց Հայաստանի իշխանությունների պաշտոնական հայտարարությունը, որ Սյունիքով անցնող ճանապարհը վարձակալության հանձնելու վերոնշյալ ամերիկյան առաջարկը չի ընդունվել, քանի որ դրանում ՀՀ ինքնիշխանությունը խաթարող գործոն կար:

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային Արմենպրեսի հետ հարցազրույցում ուշագրավ հայտարարություն է արել։ Նա ասել է, որ «Չնայած Իրանն աջակցում է Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը։ ․․․ կարծում ենք, որ բոլոր տարածաշրջանային պետությունները պետք է գնահատեն, այն է, որ չի կարելի թույլ տալ երրորդ կողմերին՝ ոչ տարածաշրջանային դերակատարներին, միջամտել Հարավային Կովկասի գործերին։ Նման միջամտությունները միայն կբարդացնեն իրավիճակը և չեն ծառայի տարածաշրջանի պետությունների շահերին»։

Այս առնչությամբ Քեշիշյանը նշեց՝ Իրանը հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ։ Նա նաև հիշեցրեց Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարությունը, որ Թեհրանը աջակցում է Երևանի տեսակետին և Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

«Ճիշտ է, Թեհրանը լուրջ մտահոգություններ է հայտնում տարածաշրջանում արտատարածաշրջանային սուբյեկտների, հատկապես Միացյալ Նահանգների ներկայության վերաբերյալ, միաժամանակ հասկանալով, որ Մոսկվային չի կարելի վստահել»,-ընդգծեց Մովսես Քեշիշյանը։

 

Զաբելա Ավագյան

Նորություններ