Բլինքենն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագիր կնքելու կարևորությունը | Region

Բլինքենն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագիր կնքելու կարևորությունը

Հունիս 24,2024 16:55

Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ

 Ադրբեջանը պարտավոր է ապահովել հայերի՝ առանց խտրականության Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքները. Բորել

 

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման կարևորությունը: Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության մեջ: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է պայմանագրի ուղղությամբ աշխատանքների անհապաղ ավարտի և խաղաղության կնքման կարևորությունը: Բլինքենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է ցանկացած փոխշահավետ եղանակով աջակցել ապագա համագործակցությանը:

Ինչո՞ւ է Վաշինգտոնը շտապեցնում Բաքվին։ Հնարավոր է, որ Միացյալ Նահանգները փորձում է լուրջ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի գործընթացների վրա, որպեսզի տարածաշրջանում տիրի խաղաղություն, կայունություն և համագործակցություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հայաստանին տարածաշրջանային գործընթացներում ներգրավելու համար Վաշինգտոնը շահագրգռված է երկրների միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ։ Դա էլ բացատրում է Վաշինգտոնի ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի հետ վերջին շրջանում։

Մյուս կողմից, Վաշինգտոնում կարծում են, որ քանի դեռ Ռուսաստանը պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ եւ այդ պատճառով չի կարող լրջորեն ազդել Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա, անհրաժեշտ է արագացնել Հայաստանի հետ խաղաղ գործընթացը: Հավանաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլուծված հակամարտությունն ընդհանուր առմամբ խանգարում է ամերիկացիներին հետագայում ձեւակերպել իրենց քաղաքականությունը, որն ուղղված է ոչ թե Հարավային Կովկասի, այլ Ռուսաստանի դեմ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հաստատել է, որ Երևանը պատրաստ է հաջորդ ամսվա ընթացքում ավարտել Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը: «Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին և պատրաստ ենք հաջորդ ամսվա ընթացքում ավարտել և ստորագրել պայմանագիրը»,-հայտնել է Միրզոյանը: Նա նշել է, որ Հայաստանն այդ հարցի վերաբերյալ Ադրբեջանից ոչ մի պատասխան չի ստացել։

Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ միևնույն ժամանակ Ադրբեջանը նոր օրակարգեր է առաջ քաշում, որոնք առնվազն կասկածի տակ են դնում այդ երկրի անկեղծությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում: Բաքուն բազմաթիվ պայմաններ է առաջ քաշում, առաջին հերթին ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։ Անկարան և Բաքուն միասնական ճակատով են հանդես գալիս Երևանի դեմ։ Նրանց նպատակն է Հայաստանի լիակատար հրաժարումը հայկական ինքնությունից, այդ թվում՝ ազգային խորհրդանիշներից, Հայաստանի զինանշանի Արարատի պատկերից, Սփյուռքի հետ կապերից և Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը և նրա ժողովուրդն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք իրենց ձեռնտու է բանակցությունների այնպիսի բնույթը, որը ենթադրում է զիջումներ միայն հայկական կողմից։

Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է. «ԱՄՆ պետքարտուղարը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորությունների կատարմանը՝ խստորեն խորհուրդ տալով ազատ արձակել բոլոր ապօրինի ձերբակալվածներին: Նա կոչ է արել դա անել հնարավորինս սեղմ ժամկետներում»։ Սակայն Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, նախկին նախագահների և աշխարհահռչակ գործարար, քաղաքական գործիչ ու բարերար Ռուբեն Վարդանյանի ճակատագրում որևէ առաջընթաց չկա: Ադրբեջանը փորձում է դատաստան կազմակերպել նրանց նկատմամբ՝ դրանով բարոյահոգեբանական շատ լուրջ հարված հասցնելով ողջ հայ ժողովրդին։ Կամ էլ Ալիևը առևտուր կանի և կհամաձայնի նրանց փոխանակել միայն իր համար շատ կարևոր մի բանի հետ։ Ընդ որում, նա սակարկելու է ոչ թե Հայաստանի, այլ միջազգային հանրության հետ։

Հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում պետք է լուծվի առանցքային հարցը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը։

Ի դեպ, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ «ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը, Լեռնային Ղարաբաղում ձերբակալված անձանց պաշտպանության հիմնական սկզբունքները եւ ապահովել թափանցիկություն: ԵՄ-ն հաստատակամորեն հավատում է, որ վստահության ամրապնդման միջոցառումները, ներառյալ Ադրբեջանում հայ ձերբակալվածների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին եւ ճանապարհ հարթել կողմերի միջեւ վստահության ամրապնդման համար: ԵՄ-ն նաեւ շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ նրանց ՝ առանց ահաբեկման եւ խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքը»:

Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին զերծ մնալ նախազգուշացնող հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղ ջանքերը: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն, մեկնաբանելով ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, նշել է. «ցավոք սրտի, սա ԵՄ Բարձր ներկայացուցչի հերթական փորձն է՝ հաճոյանալու հայերին և առաջ տանելու պատմություն, որը ոչ բարոյական, ոչ էլ փաստական հիմք չունի, և մենք մերժում ենք այդ կեղծ և սադրիչ մեղադրանքները»:

Այնուամենայնիվ, պետքարտուղար Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել նաև «թարմացնել և ամրապնդել» Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները: «Կարևորելով ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները ՝ պետքարտուղարը նշել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցության անհրաժեշտությունը՝ կլիմայի և էներգետիկայի հարցերում ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իլհամ Ալիևը նշել է, որ խաղաղության օրակարգի կարգավորման և առաջմղման ուղղությամբ ջանքերը շարունակվում են: Նա հավելել է, որ ժամանակն է պաշտոնապես դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված բոլոր ինստիտուտների գործունեությունը, որպեսզի ամբողջությամբ փակվի հակամարտության՝ անցյալի մաս հանդիսացող էջը:

Դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ Անկարան և Բաքուն փորձում էին արգելափակել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Բաքուն և Անկարան տարիներ շարունակ նպատակաուղղված և հետևողականորեն արտահայտել են իրենց դժգոհությունը Մինսկի խմբի գործունեությունից: ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է միակ միջազգային ձևաչափը, որը լիազորված է կարգավորել հակամարտությունը։ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը նշանակում է Արցախի կարգավիճակի քննարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած սկզբունքների շրջանակներում, ներառյալ ազգերի ինքնորոշման սկզբունքի հարգումը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, այլ ոչ թե տարածքային հավակնություններով։ Դրա ստեղծման մասին որոշումն ընդունվել է ԵԱՀԿ-ի միջոցով, առանց Հայաստանի եւ Ադրբեջանի հարցման, ուստի խմբի լուծարման մասին ցանկացած խնդրանք կամ հայտարարություն անտրամաբանական է։ Ավելին, միջազգային այս ձևաչափը լուծարելուց առաջ անհրաժեշտ է ամփոփել նրա աշխատանքի արդյունքները՝ պարզելու համար, թե արդյոք խումբը կատարել է իր առաքելությունը, լուծել է արդյոք իր առջև դրված խնդիրները, ինչպես է լուծել դրանք, ինչ արդյունք է եղել, ինչ հետևանքներ են եղել։

Այս ամենից հետո միայն խմբի ստեղծողները կարող են որոշել՝ այն լուծարվելու է, թե՝ ոչ։ Հենց դա է անհանգստացնում Ալիևին։ Այսօր գլոբալ դիմակայություն է և համանախագահությունը չի աշխատում։ Բայց Ալիևը գիտի, որ վաղը գալու է տերությունների միջև համաձայնությունների պահը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանն ու ճակատագրին այլ տեսանկյունից են մոտենալու: Հետևաբար, Հայաստանը, թերևս, ունի մեկ կարևոր խնդիր՝ բարձրացնել Մինսկի խմբի և նրա համանախագահների գործունեության մասին հաշվետվության հարցը։

 

  Զաբելա Ավագյան

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

Նորություններ