Արարատը խանգարո՞ւմ է մարտունակ բանակ ունենալուն․ԶՈւ ԳՇ պետը չկարողացավ պատասխանել հարցին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը վստահեցնում է, որ սահմանային խորություններում հակառակորդի զինված ուժերի կուտակումներ չկան եւ պահպանվում է հարաբերական կայունություն
Այսօր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ ամյակի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը խուսափեց պատասխանել լրագրողների որոշ հարցերին։
Հարցին՝ համամի՞տ է, որ Զինված ուժերի զարգացումը պայմանավորված է Արարտի ու Արագածի դիսկուրսով, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր օրերս ասել, Ասրյանը պատասխանեց․«Մի կապեք հարցերը զինված ուժերի օրվա հետ կապված՝ խառնելով ռազմական և քաղաքական բնույթի հարցեր։ Ներողություն եմ խնդրում: Եթե այդպիսի հարցեր եք տալու, ես գնամ, որովհետեւ միջոցառումների շարք ունենք, որից ես ուշանում եմ»:
Ճշտող հարցին՝ մենք զենք չենք ստանում, չենք կարողանում գնել, որովհետև պատճառը Արարա՞տն է, նա արձագանքեց. «Այդպիսի հարցեր ինձ մի տվեք»:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն օրերս Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է․« Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ունենալ մարտունակ բանակ, մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել, Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետներն անցած զենքեր»։
Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ԶՈւ ԳՇ պետը վստահեցրեց՝ զինված ուժերը տեղում կանգնած չեն, իրենց առջև դրված խնդիրները կատարում են․«Ներկայիս դրությամբ սահմանում կանգնած մեր ժամկետային զինվորները, պայմանագրայինները զգոն իրենց խնդիրը կատարում են, իսկ զինված ուժերի մշտական տեղակայման վայրերում գտնվող զորամասերը և ստորաբաժանումները նույնպես զգոնության տակ են և նշում են իրենց տոն օրը»։
Սահմանային լարվածության մասին էլ նա ասաց՝ սահմանային իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, սահմանային խորություններում հակառակորդի զինված ուժերի կուտակումներ չկան եւ պահպանվում է հարաբերական կայունություն:
Հարցին՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքում թշնամին դուրս կգա՞ Ջերմուկի հարակից տարածքներից, Ասրյանը պատասխանեց. «Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող, դրա համար կա սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով։ Կհետևենք սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքներին և դրանք ցույց կտան»:
Լրագրողները ԳՇ պետին հիշեցրին՝ երեք տարի առաջ ասում էիք, որ Ջերմուկի հարակից տարածքներ առաջ եկած ադրբեջանցիները մեկ-երկու օր կմնան, հետո հետ կքաշվեն մեր տարածքներից, նա այսպես արձագանքեց՝ ինձ մի տվեք այդ հարցերը, այդ հարցին այսօր ոչ եմ պատասխանում:
Իսկ թե երբ է այդ օրը, որ այդ հարցերին սպառիչ պատասխան տա, Ասրյանն ասաց՝ երբ կգա այդ օրը, սպառիչ այդ հարցերի պատասխանները դուք կլսեք: