Եթե մարդիկ տրանսպորտի համար ամեն անգամ վճարեն 150 դրամ, փաթեթներ չգնեն, այսինքն՝ 50% թանկացում լինի, դա ընդհանուր սպառողական գների վրա 0,1% ազդեցություն կունենա․ԿԲ նախագահ

Մարտին Գալստյանի ներկայացմամբ՝ ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճին մեծապես նպաստել է ծառայությունների, շինարարության և առևտրի ճյուղի բարձր աճը
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այ սահմանելով 6,75%։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարաեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա փոխանցմամբ՝ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 3% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար։
Նրա ներկայացմամբ՝ 2024-ի չորրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվում է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ դեկտեմբերին կազմելով 1,5%, 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվում է ցածր մակարդակով՝ կազմելով 1%:
ԿԲ նախագահն ասաց, որ համաշխարհային տնտեսությունում և ՀՀ-ի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են, գների աճն ընդլայնվել է։
«Արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։ 2024-ի չորրորդ եռամսյակում ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը շարունակել է մոտենալ երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակին, տնտեսական ակտիվության աճին մեծապես նպաստել է ծառայությունների, շինարարության և առևտրի ճյուղի բարձր աճը»,-ասաց Գալստյանը։
Նրա խոսքով՝ մեծացել է անորոշությունը հարկաբյուջետային քաղաքականության պահանջարկի վրա հավանական ազդեցության ուղղությամբ և չափի շուրջ․« Այս անորոշության պայմաններում ԿԲ խորհուրդը գների կայունություն ապահովելու նպատակով քննարկել է մի քանի սցենարներ․ «Մի կողմից ԿԲ խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները՝ այդ թվում համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրի հնարավոր ընդլայնման վերաբերյալ անորոշությունը պահանջում է ավելի կոշտ արձագանք գների կայունության ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից՝ Բ տիպի սցենարներ են քննարկվում, որոնք ենթադրում են քաղաքականության տոկոսադրույքի շուկայի սպասումների համեմատ ավելի արագ և մեծ նվազման ուղի միջնաժամկետ հորիզոնում՝ պահպանելով կարգավիճակը և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար։ Երկու ուղղությամբ ռիսկերը համադրելով՝ Խորհուրդը որոշեց շարունակել համաֆինանսավորման տոկոսադրույքների՝ դանդաղ տեմպերով աստիճանական նվազումը»։
Անդրադառնալով մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, Գալստյանը նշեց՝ հանրային տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը սպառողական զամբյուղում 0,4 տոկոս է, Այդ տոկոսի 0,23 տոկոսը Երևանն է»։
Ի՞նչ ազդեցություն կունենա քաղաքային տրանսպորտի թանկացումը գնաճի վրա այս հարցին ի պատասխան էլ Գալստյանն ասաց․«Եթե մենք դիտարկում ենք ամենածայրահեղ սցենարը, որ մարդիկ 150 դրամից են օգտվում, փաթեթներ չեն գնում, այսինքն՝ 50% թանկացում է լինում, դա ունենում է ընդհանուր սպառողական գների ինդեքսի վրա 0,1% ազդեցություն»։