ՀՀ-ին կարտոֆիլի սերմացու ներմուծելու 0% մաքսատուրք կիրառելու արտոնություն է ստացել | Region

ՀՀ-ին կարտոֆիլի սերմացու ներմուծելու 0% մաքսատուրք կիրառելու արտոնություն է ստացել

Փետրվար 20,2025 12:49

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի վեց ամիս ժամկետով Հայաստան 3,5 հազար տոննա  կարտոֆիլի սերմացուն կներմուծվի առանց մաքսատուրք վճարելու

Հայաստան ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ 6 ամիս ժամկետով սակագնային արտոնություն կկիրառվի։ Այս մասին որոշումը գործադիրն ընդունեց այսօրվա հերթական նիստում։

Նախագծի ընդունումը բխում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2025 թ. հունվարի 22–ի որոշումից, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազար տոննա  կարտոֆիլի սերմացուի ներմուծման 0% մաքսատուրք կիրառելու  արտոնություն։

Ըստ որոշման հիմնավորման՝ միջոցառման իրականացումն ուղղված է ՀՀ գյուղատնտեսությանը կարտոֆիլի որակյալ սերմացուով ապահովելուն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ճանաչվել է կարտոֆիլի սերմացու ներմուծելու լիազոր մարմինը։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2025 թ. հունիսի 30–ը ներառյալ։

Նորություններ