Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացման համալիր ծրագիրը | Region

Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացման համալիր ծրագիրը

Փետրվար 26,2025 15:02

Օրվա հրամայական դարձած այս պայմանավորվածությունը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի հետ ձեռք էր բերել փետրվարի սկզբին: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանից:

Այսօր արդեն Գյումրին ունի հարմարեցված կլինիկա, որտեղ իրականացվելու են կենդանիների հետազոտություններն ու վիրահատությունները: Տարածքն ունի նախավիրահատական բլոկ, վիրահատարան և կենդանիների պահման առանձնացված հատվածներ:

Երևանից Գյումրի ժամանած մասնագիտական խումբը, նախնական պայմանավորվածության համաձայն, տեղում կաշխատի 2-3 շաբաթ:

Իրականացվելու է կենդանիների գլխաքանակի կանոնակարգում:

Շները բռնվելու և տեղափոխվելու են կլինիկա, հետազոտվելու են: Առողջ կենդանիները ստերջացվելու և պատվաստվելու են կատաղություն հիվանդության դեմ: Հիվանդ կենդանիները Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, քնեցվելու են:

Ծրագրի շրջանակներում ստերջացված և կատաղություն հիվանդության դեմ պատվաստված կենդանիներն իրենց ականջներին կրելու են կազմակերպության դրոշմով վարդագույն կլոր տարբերանշան:

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը Հայաստանում միակ պետական կառույցն է, որը զբաղվում է թափառող կենդանիների խնդիրներով և գլխաքանակի կանոնակարգմամբ:

Մեկնարկած ծրագրին զուգահեռ աշխատանքներ են տարվում Գյումրիում շների ապաստարան ունենալու ուղղությամբ:

Նորություններ