«Համոզված եմ, որ այդ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար լինելու է 100 տոկոսով ընդունելի»․Փաշինյան «Խաղաղության պայմանագրի» շուրջ առաջարկների մասին

ՀՀ-ն Ադրբեջանից ստացել է «Խաղաղության պայմանագրի» 12-րդ առաջարկների փաթեթը, գործընթացը փակուղու մեջ չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք, այսինքն, պրոցեսը գնում է։ Մյուս կողմից պետք է արձանագրենք, որ սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում: Մենք նաեւ առաջարկել ենք լուծում եւ մենք հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի այդ լուծմանը, որովհետեւ ճիշտն ասած ես շատ վերլուծում եմ եւ մտածում եմ՝ ինչու պետք է Ադրբեջանը բացասական արձագանքի մեր այդ լուծման առաջարկին: Օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ դա մերժելու հիմք էլ չկա: Դա վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ երկաթուղային փոխադրումներին, երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը այդ թվում կօգտագործվի Ադրբեջանից Ադրբեջան՝ այսինքն Արեւմտյան Ադրբեջանից դեպի Նախիջեւան կապի եւ Հայաստանից Հայաստան՝ Երասխից Մեղրի, եւ երկու երկրները հնարավորություն կունենան նաեւ միմյանց տարածքով անցնող երկաթուղիները օգտագործել միջազգային բեռնափոխադրումների համար»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է գնալ Ադրբեջանի հետ երկաթուղու շահագործման ռեժիմի լրացուցիչ պարզեցման՝ փոխադարձ հիմունքներով. «Ես ինչ որ առումով անհամբեր եմ այդ առաջարկները հրապարակայնացնելու առումով, հիմա չեմ անում, քանի որ համոզված եմ, որ այդ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար լինելու է 100 տոկոսով ընդունելի»: