Վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար կհատկացվի 13 միավոր՝ 9-ի փոխարեն․ԱԺ հանձնաժողովում քննարկում են օրենսդարական փոփոխությունները

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ավոտվթարների համար մեղադրեց կին վարորդներին,ասաց՝ վարելու ժամանակ sms են գրում, պամադա են քսում ու խփում, Արսեն Թորոսյանն էլ փորձեց ուղղել՝ որպեսզի սեքսիզմ չդիտարկվի, տղամարդիկ էլ են խախտումներ անում, sms գրում
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագածի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը նաև այս նախագծի համահեղինակն է, ներակյացրեց նախատեսվող փոփոխությունները։
Ըստ առաջարկվող փոփոխության՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացվում է 13 միավոր՝ նրան հատկացված 9 միավորի ժամկետի ավարտից հետո՝ միավորների վերահաշվարկման օրը, իսկ վարելու իրավունքը կասեցված լինելու դեպքում՝ կասեցման ժամկետի ավարտին հաջորդող օրը:
Արմեն Խաչատրյանի խոսքով՝ տրանսպորտային միջոցների վարորդներին յուրաքանչյուր տարի տրամադրվում է 9 տուգանային միավոր, ու խախտումների քանակից ելնելով՝ միավորները պակասում են, ու եթե դրանք զրոյացվում են, ապա կասեցվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը:
«Եթե մենք միավորը դարձնում ենք 13 , ապա որոշակի առումով նվազում է նաև խախտումների համար նախատեսված պատժի չափը, հետևաբար հավասարեցնելու համար որոշակի վթարածին խախտումների համար բարձրացնելու ենք տուգանային միավորները»,- ասաց պատգամավորը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ վերջերս մի բլոգեր մանրամասն վերլուծել էր Գերմանիայում կիրառվող փորձը. «Բալերն էլ կան, բայց խստացումների այնպիսի փաթեթ կա, որ մարդկանց հեռու է պահում այնպիսի խախտումներից, ինչպիսին հեռախոսով խոսելն է։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հեռախոսն ամենափորձանքն է մեքենա վարելու ընթացքում։ Մենք չտեսանք այստեղ այդ երևույթի դեմ պայքար։ Հիմա հեռախոսով էլ չեն խոսում, sms են գրում։ Կանայք… մնում է պամադա քսեն քշելուց։ Քսում են, խփում են, մարդիկ են մահանում»։
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը Քոչարյանին ընդհատեց ու ասաց. «Որպեսզի սեքսիզմ չդիտվի, տղամարդիկ էլ… գրում են»։
Անդրանիկ Քոչարյանը նաև ցուցանիշներ ներկայացրեց, ասաց, որ վարելու ընթացքում հեռախոսով խոսելու համար 32 100 մարդ 10,000 դրամով տուգանվել է։ Սա, ըստ պատգամավորի, շատ փոքր թիվ է:
«Երբ իմ օգնականի հետ մեքենայով դուրս եմ գալիս, ես աջ եմ նայում՝ հեռախոսով խոսում են, ձախ եմ նայում՝ հեռախոսով խոսում են՝ տաքսիստ լինի, աղջիկ լինի, բոլորը խոսում են, ինչ են այդքան խոսում, լավ պետք է անպայման մեքենայի մեջից խոսե՞ն, գնացեք ուրիշ տեղ խոսեք»,-ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ սա լավ առիթ է, որ մի շարք տարր ավելացվի, մի շարք երկրներում վարորդական վկայականը կորցնելու ռիսկ կա հենց խախտում անելու համար․« Կամ ի՞նչ է նշանակում եկեք խրախուսենք լավ վարորդներին, ծաղիկներ նվիրենք: Եկեք պարոն Թորոսյանի նկարը խփենք ամեն խաչմերուկում՝ գրենք «Մեր Արսենը»: Խրախուսելն այն է, որ ինքը խախտում չի անում, ի՞նչ խրախուսել»։