Ռուբեն Վարդանյանին Բաքվում տեսակցության ժամանակ բժշկական անձնակազմն ապահովել է հացադուլի մեջ գտնվող անձի չեզոք զննությունը․Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ այսօր բողոքի ցույց էր, պահանջով՝ փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը եւ պաշտպանել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փետրվար ամսին տեսակցել է Բաքվում պահվող հայերին։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Այսօր «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն ու «Արցախ Միություն» ՀԿ-ները բողոքի ցույց էին կազմակերպել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը եւ պաշտպանել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։
Զառա Ամատունին լրագրողներին հայտնեց, որ Ռուբեն Վարդանյանի տեսակցությունը եղել է իր հացադուլի ժամանակ․«Տեսակցության շրջանակներում եղել է նաեւ մեր մյուս պատվիրակը, որը բժիշկ է։ Տվյալ տեսակցության շրջանակներում եղել է բժշկական անձնակազմ, որը ապահովել է հացադուլի մեջ գտնվող անձի չեզոք զննությունը»։
Նա ասաց, որ կոմիտեի արձանագրած մանրամասները չեն կիսում հանրության ու Բաքվի բանտերում գտնվող անձանց ընտանիքների, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների հետ։
Արդյոք ԿԽՄԿ ներկայացուցիչներն արձանագրե՞լ են, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամաբ խոշտանգում է եղել, գոնե լուսանկարներում նրա դեմքին կապտուկներ կային, այս հարցին ի պատասախան Զառա Ամատունին ասաց, որ ոչ միայն տվյալ անձի հետ են զրուցում, այլև զննում են ամբողջ տարածքը, օրինակ պարզելու՝ ինչպիսին է այդ անձանց հասանելիությունը տեղի բժշկական ծառայություններին․«Արձանագրում ենք ցանկացած բան, որը տեսնում ենք, և բնականաբար այդ տեսածը ամփոփովում է, քննարկվում է իշխանությունների հետ, որոնք պատասխանատու են այս անձանց համար»։
Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունները ստորագրել են բաց նամակ՝ ուղղված ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին: