Ադրբեջանում սպասողական փուլ է․ ԱԺ պատգամավորը՝ էսկալացիայի վտանգի մասին

«Իշխանությունը փորձում է օգտագործել «գաղտնիության ռեժիմը»՝ քողարկելու իր անգործությունն ու լռությունը»,- REGIONS TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե գերիների մասին չեն խոսում գործընթացին վնաս չհասցնելու համար, իսկ տեսանելի քայլերի դեպքում Բաքուն նրանց կարող է երբևէ չվերադարձնել:
«Իշխանությունը ոչ թե խուսափում է թեման քննարկել, որպեսզի այն շահարկման առարկա չդառնա, այլ իրականում լուրջ ջանքեր չի գործադրում գործընթացում առաջընթաց արձանագրելու համար և փորձում է հիմնավորել իր անգործությունը այլ հանգամանքներով»,-համոզված է Աբրահամյանը:
Պատգամավորը հիշեցնում է՝ Երևանը Բաքվի հետ բանակցում է զուգահեռ մի քանի թեմայով՝ պայմանագրից մինչև ապաշրջափակում, գերիների հարցը կարող է դառնալ զուգահեռ թեմաներից մեկը: Ինչ վերաբերում է Բաքվի հետ բանակցություններին և հնարավոր էսկալացիայի վտանգին, ապա, ըստ Աբրահամյանի, այս փուլում Ադրբեջանը սպասում և հետևում է իրադարձությունների զարգացմանը։
«Կարծում եմ՝ Ադրբեջանում սպասողական փուլ է, փորձում են ժամանակ ձգել․․. այն, ինչի մասին հայտարարում է Հայաստանի իշխանությունը, փոխզիջում չէ, առաջարկների 80-90 տոկոսը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից: Այլ բան է, որ աշխարհում որոշակի գործընթացներ են, և ուժի կիրառում-միջազգային իրավունք հարաբերակցության որոշակի փոփոխություն է տեղի ունենում, և Ադրբեջանը փորձում է հասկանալ՝ այս կամ այն հարցի պատրվակով ուժի կիրառման դեպքում ինչ միջազգային արձագանք է լինելու»,-հայտարարեց Աբրահամյանը:
Նորություններ

