Կրասարում անասունների շրջանում բրուցելոզ է տարածվել․նախարարությունը դեռ քննարկում է՝ ինչ անել, նաև՝ ֆինանսական փոխհատուցման տարբերակը

Ֆերմերները թերահավատ են, ասում են՝ մեծ թվով անասուններ են վարակվել, համայնքում անասնապահությունը վտանգված է, բայց կառավարությունը կոնկրետ ոչինչ չի ասում
Աշոցքի խոշորացված համայնքի Կրասար բնակավայրում գյուղացիների առանց այն էլ հոգսաշատ առօրյային և առկա բազմաթիվ խնդիրներին գումարվել է անասունների հիվանդությունը։
Համայնքի վարչական ղեկավար Կարեն Ավետիսյանի ներկայացմամբ՝ գյուղի 257 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ վարակված են բրուցելոզ հիվանդությամբ:
Գյուղացիները խնդիրը նկատել էին դեռ դեկտեմբեր ամսից: Կենդանիների մասսայական վիժումը խուճապի էր մատնել գյուղացիներին, նրանք խնդրի մասին տեղեկացրել էին անասնաբուժական կետերին, եկել են ևս մեկ անգամ արյունառություն իրականացրել։ Այս անգամ արդեն կենդանինիների մի մեծ խմբաքանակի մոտ հայտնաբերվեց հիվանդությունը, որն անբուժելի է, և գյուղացիները ստիպված են հարկադիր մորթ իրականացնել:
Չնայած, որ խնդրի մասին տեղյակ են ոլորտի պատասխանատուները, սակայն գյուղացիներից շատերը չեն էլ ակնկալում, որ վնասի փոխհատուցում կստանան, կամ ինչ որ ձև իրենց խնդիրը կլուծվի։
Նրանք կարծում են, որ կառավարության անտարբերությունը կհանգեցնի անասնապահության անկման․«Հիմա եթե մեր խնդիրը պատշաճ չլուծվի, նորմալ փոխհատուցում չտան, մյուս համայնքների ֆերմերները սա տեսնելով՝ մի կողմ կքաշվեն, ու էս երկրում անասնապահությունը կվերանա: Ծայրամասային համայնք է, պետք է ուշադրություն դարձնել››։
Նախօրեին Շիրակի մարզ էին այցելել պատասխանատու պաշտոնյաներ, մարզպետի աշխատակազմը տեղեկացրել է՝ «այցի նպատակը Կրասարում խոշոր եղջերավոր անասունների մոտ արձանագրված հիվանդության մասով առաջացած խնդիրները լուծելն է»։
Նրանք, այցելել են համայնք, քննարկել խնդիրը, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել է խնդրի օրենքով սահմանված կարգով լուծման տարբերակներ։ Այս պաշտոնյաները Կրասար էլ են այցելել, ինչպես մարզպետարանն է հայտնել՝ առաջարկվել են լուծման ուղիներ` հաշվի առնելով անելիքների առաջնահերթությունները։
Համայնք կատարած պաշտոնյաների այցը սակայն չի բավարարել գյուղացիներին։ Նրանք հանդիպումից կոնկրետ սպասելիքներ ունեին, սակայն այս հանդիպումը ավելի շատ հարցեր է առաջացրել։ Մեզ հետ զրույցում նրանից մի քանիսն ասում են՝ կոնկրետ պատասխան չենք ստացել կատարվելիք հնարավոր քայլերի վերաբերյալ․«Լսել ենք, որ յուրաքանչյուր գլուխ կենդանու համար գումարի փոխհատուցում կարող է տան, նաև՝ հնարավոր է հարկադիր մորթից հետո մսի վաճառքի տարբերակը»։
Այս առնչությամբ REGIONS TV-ն փորձեց Էկոնոմիկայի նախարարությունից պարզել՝ ի՞նչ է նախատեսվում խնդրի լուծման ուղղությամբ, արդյոք ֆերմերներին փոխհատուցում կտրամադրեն։ Մեր հարցմանն ի պատասպան նախարարությունից հայտնեցին, որ խնդիրը դեռ քննարկման փուլում է․«Քննարկվում են խնդրի լուծման մի քանի տարբերակ՝ ընդհուպ մինչև գումարի փոխհատուցում»:
Էկոնոմիկայի նախարարության պարզաբանմամբ՝ վերջնական որոշման կայացման կոնկրետ ժամկետներ չկան, սակայն կընդունվի հնարավորինս օպտիմալ տարբերակ:
Նիկոլ Մարգարյան
Նորություններ

