Վեհափառ Հայրապետը առանձնազրույց է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի հետ․ մանրամասներ | Region

Վեհափառ Հայրապետը առանձնազրույց է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի հետ․ մանրամասներ

Մարտ 08,2025 16:07
Մարտի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ. Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Քրիստոսահիմն Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց «Հրաշափառի» արարողություն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունեց և բարի գալուստ մաղթեց Սահակ Պատրիարքին։
Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքը, գոհություն վերառաքելով առ Աստված վերստին հայոց հոգևոր կենտրոն այցելելու համար, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը։
Ապա Վեհարանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի առանձնազրույցը:
Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքն իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:

Նորություններ