Կառավարությունը մերժեց եկամուտների հայտարարագրումը չեղարկելու վերաբերյալ ընդդիմադիրների նախագիծը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։
Նախագիծը ՀՀ կառավարության քննարկման էր ներկայացրել «Հայաստան» խմբակցությունը` առաջարկելով համապատասխան փոփոխություններ կատարել «Հարկային օրենսգրքում»։
ՀՀ ֆինանսների նախարարությունը նշել է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է։
«Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության 2021–2026 թթ. ծրագրով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի` ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը»,– նշել են նախարարությունից: