ՆԳՆ նախարարը` Սուքիասյանի և Վանեցյանի թիկնապահներին բերման ենթարկելու, Գյումրիում ընտրությունների համար մարդկանց գրանցելու ու զենքի մասին

«Այն միֆը, թե հրազենի գործադրմամբ հանցագործությունները կատարվում են բացառապես ապօրինի հրազեններով, այլևս չկա, շատ են նաև հանցագործությունները, որոնք կատարվում են օրինական զենքերով: Զենքի պարգևատրման մասով նախատեսված գործող օրենքը, որը նախատեսում է որոշակի ինստիտուցիոնալ նոր կարգավորումներ՝ նպատակ հետապնդելով որոշակի ստանդարտներ նախատեսել, ամբողջությամբ չի իրականացվել: Երկակի մոտեցումներ են առկա թե´ ստանդարտ հոդվածի շրջանակներում, թե´ անցումային կարգավորումների մասով»,-կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով կառավարության նոր նախագծին, ըստ որի պարգևատրված զենքերը պետք է հանձնվեն պետությանը մինչև ս.թ.-ի հունիսի 1-ը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ զենքով պարգևատրված անձինք հանձնել էին հատուկ քննություն, որով կստանային այն կրելու պաշտոնական թույլտվություն:
Նախարարը խոսելով նախագծի նպատակներից, ասաց, որ այն բացառապես ուղղված է զենքի պարգևատրման ինստիտուտում որոշակի ստանդարտներ սահմանելուն, և եթե անձինք համապատասխանում են այդ չափանիշներին, նրանք կշարունակեն զենք կրելու իրավունք ունենալ, հակառակ դեպքում՝ այդ զենքերը ենթակա կլինեն ՀՀ ոստիկանություն կամավոր հանձնման:
Արփինե Սարգսյանն անդրադարձավ նաև պատգամավորների և այլ պաշտոնյաների և նրանց թիկնապահների մոտ ապօրինի զենքի հայտնաբերման մեղադրանքով բերման ենթարկելուն։ Լրագրողները հիշեցրեցին՝ օրերս ապօրինի զենք կրելու կասկածանքով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թեկնապահներին են բերման ենթարկել, ապա բաց թողել, իսկ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանին ուղեկցողների մեքենաներն արդեն 5-րդ անգամ են նույն հիմքով կանգնեցնում: Արդյոք ոստիկանությունը օրինաչափ է գործում, այս հարցին ի պատասխան նախարարն ասաց՝ ոստիկանության համար եթե կա օպերատիվ տվյալ զենք-զինամթերքի առկայության կամ թմրամիջոցի օգտագործման, կամ ցանկացած այլ իրավախախտման մասով, չկա որևէ տարբերություն, թե տվյալը որ անձի մասով է ստացվում․«Եթե տվյալը կա, բնականաբար այդ տվյալը պետք է իրացվի: Տվյալի իրացման արդյունքում կարող է հաջողություն գրանցվել, բայց կա հնարավորություն, որ այն կարող է լինել նաև ոչ հավաստի»:
Մամուլը գրում է, որ Գյումրիում արտահերթ ընտրությունների մասնակցելու համար տարբեր վայրերից եկած քաղաքացիները կոնկրետ ուժերի կողմից գրանցվում են Գյումրիում։ Անդրադառնալով այս խնդրին, Սարգսյանն ասաց՝ հարցը ոստիկանության տիրույթում չէ, և նրանք իրականացրել, և շարունակում են իրականացնել ապաքաղաքական գործունեություն, սակայն նորությունը իր համար անակնկալ է եղել, քանի որ քաղաքացիները այսօր Գյումրիում գրանցվելով, ամեն դեպքում հնարավորություն չեն ունենա ընտրություններին մասնակցելու, քանի որ անձը պետք է ունենա որոշակի ամսական կտրվածքով հաշվառում տվյալ բնակավայրում: Նման ահազնեգերի դեպքում նախարարը հորդորեց դիմել քաղաքացիներին ուղղորդել նախարարություն։
Նիկոլ Մարգարյան