Ֆրանսիան հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության պայմանագիրը

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարությունը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարությունը։ Ֆրանսիան հույս ունի, որ համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա, թույլ կտա, որ Հարավային Կովկասը դառնա խաղաղության, ինտեգրացիայի և համագործակցության գոտի՝ բաց սահմաններով և ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»,- նշված է հայտարարության մեջ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջող ավարտը ողջունել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։