Խաղաղության համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ, որ ադրբեջանցիները կամ հայերը պետք է վերադառնան, չկա դրույթ Սահմանադրության մասին․ՀՀ ԱԳ նախարար | Region

Խաղաղության համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ, որ ադրբեջանցիները կամ հայերը պետք է վերադառնան, չկա դրույթ Սահմանադրության մասին․ՀՀ ԱԳ նախարար

Մարտ 14,2025 12:51

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տներ կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիներն ապրել են»,-այս մասին այսօր խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Երեկ պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝  Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանն ու Ադրբեջանը սահմանին 3-րդ երկրների ուժեր չեն տեղակայի, միջազգային հայցերը հետ կկանչեն։   Մինչդեռ Ադրբեջանը, չնայած նշել է, որ համաձայնագրի բանակցություններն ավարտվել են, սակայն շարունակում է պահանջներ ներկայացնել։ «Բանակցությունների տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հնացած և անգործունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հարակից կառույցների պաշտոնական լուծարման անհրաժեշտությունը»,-երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանն անդրադառնալով Բաքվի հայտարարությանն, ասաց՝ լսեցինք Ադրբեջանի մտահոգությունները մեր Սահմանադրության մասին,  համաձայնագրի տեքստում որեւէ միակողմանի կարգավորում չկա, այդ թվում՝ նաեւ Սահմանադրությունների մասին։

«Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգությունները Ադրբեջանի Սահմանադրության մասին, հայտնի է, որ մենք այնտեղ տեսնում ենք որոշակի նկրտումներ ՀՀ-ի տարածքների նկատմամբ, բայց նաեւ հայտնի է, որ մենք համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են մտահոգությունները»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Սահմանազատման և սահմանագծման արդյունքում, ինչպես նշեց ՀՀ ԱԳ նախարարը, Հայաստանի Սահմանադրական դատարանի դիրքորոշումն ուղեգիծ է եւ փարատում է ՀՀ Սահմանադրությանը վերաբերող կասկածները․«Բայց եթե նույնիսկ տեսականորեն, Սահմանադրություններում կարող են լինել պահանջներ, ապա համաձայնագրի տեքստի ստորագրմամբ եւ վավերացմամբ, որը նույնպես ՍԴ-ով պետք է անցնի, այդ հարցերը միանգամայն կփարատվեն»։

Նա նաև նշեց, որ որեւէ խաղաղության համաձայնագիր միանգամից բոլոր հարցերին լուծումներ չի կարող տալ, երկու ժողովուրդներին հաշտ չի դարձնում, կան հարցեր, որոնց լուծումները ժամանակի մեջ պետք է գտնեն՝ հարաբերությունները վերջնական կարգավորելու համար։

Նորություններ