Մերին ու Յուջեն․հայ-կորեական ընտանիքը, պատմական նմանություններն ու տարբերվող ավանդույթները | Region

Մերին ու Յուջեն․հայ-կորեական ընտանիքը, պատմական նմանություններն ու տարբերվող ավանդույթները

Ապրիլ 20,2025 15:38

Մերիի կորեացի ամուսինն արդեն հայերեն է սովորում, տպավորած է հայերով ու Հայաստանի բնաշխարհով, հայկական լավաշն էլ շատ է սիրում

«Սկզբում ես արհամարհեցի նրան, բայց նա չհանձնվեց։ Ամեն օր գրում էր՝ հաց կերե՞լ ես, ո՞նց է անցել օրդ»,-այսպիսի համառությամբ, հոգատարությամբ ու սիրով կորեացի Յուջենը գրավեց Մերիի սիրտը։

Հայկորեական հարաբերություններ՝ ոչ քաղաքական, մաքուր մարդկային ու ընտանեկան։           

Մերի Հարությունյանը փոքր էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, ասում է՝ ռուսական միջավայրը չի փոխել նրան, շատ հայկական ընտանիքում է մեծացել։

Մերին Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում աշխատել է որպես սոցիալական ծրագրի մենեջեր, դասավանդել է գրաֆիկական դիզայն հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Հետո որոշել է սովորել կորեերեն լեզուն։ Սկսել է այն ուսումնասիրել ինքնուրույն, բայց գիտելիքները զարգացնելու համար լեզվակրի հետ գործնական աշխատանք էր հարկավոր։ Ու փորձեց առցանց տարբերակը՝ լեզու սովորելու զրուցարանում գրանցվեց։

«Ես կորեերեն էի սովորում՝ սկզբում միայնակ, հետո զգացի, որ շփման կարիք ունեմ։ Զրուցարնում շփվում էինք, նա ինձ ամեն օր հարցնում էր, թե ոնց եմ։ Արհամարհում էի, բայց նա շարունակում էր։ Հետո սկսեցինք ամեն օր շփվել, ու մեկ էլ մի օր հանկարծ Յուջեն ուղարկեց Մոսկվայի տոմսի նկարները։ Ես մտածեցի՝ կատակում է։ Բայց նա եկավ։ Իմ ծննդյան օրը՝ հատուկ ինձ տեսնելու»,-պատմում է Մերին։

Յուջեն հեշտությամբ գրավեց Մերիի ծնողների սիրտը։ Մոսկվայով Վորոնեժ ժամանելուց հետո իհարկե նախ ծանոթացավ նրա ընտանիքի անդամների հետ, մասնակցեց ծնունդին, օգնեց Մերիի հորը խորոված պատրաստել․«Հայրս լուռ խորոված էր անում, իհարկե՝ լարված։ Մայրիկս ուրախ էր, բայց նաև անհանգիստ։ Իսկ պապիկս ասաց՝ թոռներ ունեմ, ծոռներ էլ, բայց ասիացի թոռ չունեի՝ դա էլ կունենամ»։

Ասում է՝ սկզբում ամբողջ ընտանիքը կասկածաններ ուներ՝ մշակույթների տարբերություն, հեռավորություն, լեզու… բայց Յուջեի վերաբերմունքն ու վարքագիծը տեսնելով՝ բոլորը մտափոխվեցին։

Մատանին հանեց, դրեց մատիս, հետո՝ ճոխ, հայկական հարսանիք

Մերին պատմում է, որ ընդհանրապես ամուսնանալու միտք չուներ, էլ ուր մնաց թե օտարերկրացու հետ․«Ուզում էի ինքնուրույն կյանք ունենալ, աշխատել, ինքս ինձ ապահովել։ Երբեք չէի ամուսնանա, եթե ամուսինս չլիներ այնպիսին, ինչպիսին կա։ Սա ճակատագիր է»։

Կորեա վերադառնալուց որոշ ժամանակ անց Յուջեն կրկին մեկնեց ՌԴ՝ ուզում էր Ամանորը Մերիի հետ անցկացնել, անակնկալ էլ ուներ։ Այս անգամ Մերիին այցելությունը Յուջեի համար նշանավորվեց նախ նրանով, որ կյանքում առաջին անգամ տոնածառ զարդարեց, նաև Սուրբ Ծննդյան օրը միասին այցելեցին եկեղեցի։

«Տուն վերադառնալիս Յուջեն առաջարկեց կանգ առնել ու ձյունե հրեշտակներ պատրաստել։ Երբ երկուսով պառկած էինք ձյան մեջ, հանկարծ նա հարցրեց՝ կլինե՞ս իմ կինը։ Այո՛ պատասխանեցի ես։ Մատանին հանեց և դրեց մատիս»,-պատմում է Մերին։

Յուջեի ընտրությամբ՝ հայ աղջկա հետ ամուսնանալու որոշումը Յուջեի ընտանիքին էլ է զարմացրել․«Բայց հիմա նրանք պաշտում են ինձ։ Հոգ են տանում իմ մասին, պաշտպանում են, միշտ կողքիս են»։

ճոխ հայկական հարսանիք արեցին, բայց Ռուսաստանում, Մերիի հարազատների մեծ մասն այնտեղ է բնակվում, բոլորով Կորեա չէին կարող գնալ։

«Ես չէի ցանկանում հարսանիք առանց ընտանիքիս», – ասում է Մերին։

Նշում է, որ կորեական հարսանիքներըը շատ են տարբերվում է հայկականից։ Կորեայում հարսանիքները սովորաբար տևում են 2-3 ժամ, հանդիսությունների սրահում են անցկացնում, միայն շնորհավորանքներ, լուսանկարներ ու ֆուրշետային հյուրասիրություն ու վերջ, հարսանիքն ավարտվեց։

«Դա հայերին հարիր չէ։ Մենք նախընտրում ենք լիարժեք տոն՝ երաժշտությամբ, պարով, կենացներով։ Այդպես էլ արեցինք։ Մինչև ուշ գիշեր տևող խնջույք, պարեր ու ընտանեկան մթնոլորտ։ Ցավոք, ամուսնուս ընտանիքն ու ընկերները չկարողացան ներկա լինել միջոցառմանը»,-ասում է Մերին։

«Տարօրինակ» կորեացիք

Ամուսնանալուց հետո Մերին ամուսնու հետ տեղափոխվեց Կորեա։ Նրան զարմացրել էր ջերմ ընդունելությունը։

«Տեղափոխվելուց հետո ամուսնուս ընկերները մեզ նվերներ բերեցին նոր տան համար։ Նվերներ ուղարկեցին նաև նրա ընկերոջ մայրը, սկեսուրիս ընկերուհին», – պատմում է Մերին։

Դա սովորույթ է։ Մերին ասում է՝ նվերներ տալը նրանց հարսանիքին հրավիրելու համար չէր, այդպիսին են կորեացիք՝ նորաստեղծ ընտանիքին աջակցում են։

«Ամուսնուս ընկերներից մեկը, երբ առաջին անգամ ինձ տեսավ, հարցրեց՝ քիթդ բնակա՞ն է։ Ասում էր՝անհավատալի է՝ այդքան բարձր ու բնական։ Ռինոպլաստիկա չե՞ս արել»։ Կորեացիները խենթանում են բարձր քթերի համար, քանի որ իրենց մոտ սովորաբար ցածր են։ Ես շատ զարմացա, երբ նա խնդրեց լուսանկարել ինձ՝ իր ընկերներին ցույց տալու համար։ Ասաց՝ ինչ գեղեցկուհի ես, հիմա ուզում եմ Հայաստան գնալ», – պատմում է Մերին։

Կյանքը Կորեայում ուրիշ է

Մերին ու Յուջեն ապրում են Սեուլում։ Ասում է՝ Կորեայում ամեն ինչ  տեխնոլոգիացված է, ամեն ինչ աշխատում է ժամացույցի նման։ Բոլոր հաստատություններում անձնակազմը քաղաքավարի է, իսկ կորեացիները՝ միշտ ժպտերես։

«Սեուլում օտարերկրացիներին արդեն սովոր են։ Շատ զբոսաշրջիկներ կան, շատ օտարերկրյա ուսանողներ կան, քանի որ Կորեայում կարելի է շատ լավ կրթություն ստանալ»,-ասում է Մերին։

Կորեայում խառն ամուսնություններն գնալով ավելանում են, որովհետև, ինչպես Մերին է պատմում, կորեացի կանանց մեծ մասը նախընտրում է կարիերան՝  ամուսնության ու մայրության փոխարեն։

«Կորեայում ծնելիությունը ցածր է։ Այդ պատճառով «միջազգային» զույգերին շատ լավ են ընդունում են, հասարակությունը դարձել է ժամանակակից, նմանվում է Արևմուտքին»,-նկատում է Մերին։

Սակայն կյանքն այս երկրում թանկ է։ Մերին ասում է, որ բնակարաններն այստեղ չափազանց թանկ են, և բնակչության մեծ մասը ողջ կյանքում ապրում է վարձով։

Ասում է՝ Կորեան շատ է տարբերվում այլ երկրներից, կան բաներ, որոնք հաճախ զարմացնում են նորեկներին։ Անվատնգությունը շատ բարձր մակարդակի վրա է, առօրյա կյանքը՝ հարմարավետ․«Նույնիսկ առցանց գնումներից հետո ապրանքները ուղղակի թողնում են դռան մոտ։ Ոչ մի հսկողություն կամ անհանգստություն չկա, որովհետև ոչ ոք չի գողանա դրանք»։

Պատմում է, որ խանութների բացօթյա տարածքում, ուղղակի փողոցում դրված են բաց դարակներ ու սառնարաններ՝ պաղպաղակներով։ Թվում է, թե ահա, հարմար է, կարող ենք վերցնել, չվճարել։ Բայց որևէ մեկը նման բան չի անի, չեն գողանում։

«Ամբողջ երկրում ամեն ինչ կազմակերպված է շատ քաղաքակիրթ կերպով, որպեսզի մարդիկ իրենց ամենօրյա կյանքում հարմարավետություն զգան», – հավելեց Մերին։

«Կորեայում մարդիկ տանը քիչ են պատրաստում, քանի որ շատ սննդի կետեր առաքումներ ունեն, որտեղ կորեական տնական ուտեստները շատ տարածված են։ Բայց ես կարոտում եմ մեր արտադրանքը՝ հատկապես թթվասերը, մածունը, թանը։ Այստեղ նման բաներ չկան։ Արդեն երազներ եմ տեսնում, թե ինչպես եմ վերադառնում տուն՝ ծնողներիս մոտ ու հայկական ճաշեր ուտում»,-ասում է Մերին։

Մերին սիրում է կորեական խոհանոցը, որը հայտնի է շատ կծու ուտեստներով, բայց ինքը նախընտրում է կորեական խոհանոցի քիչ կծու ուտեստները։ Այնուամենայնիվ, տանը սովորաբար պատրաստում է հայկական ավանդական ուտեստները․

Ավանդույթներ, որոնք 21-րդ դարը «չի կոտրել»

Կորեայում մեծերին հարգելու ավանդույթը խորը արմատներ ունի։ Տարեցների, մեծերի նկատմամբ հարգանքն ուրախացրել է Մերիին։ Օրինակ՝ ամուսնու ընտանիքը ամեն շաբաթ այցելում է նրա պապիկի գերեզման, իսկ ավանդական տոներին արթնանում են առավոտյան ժամը 5-ին, սեղան գցում և խոնարհվում նախնիների առաջ՝ հարգանքի տուրք մատուցելու։

Կարևոր տոն է կորեական Նոր տարին (Սեոլլալ) լուսնային օրացույցի առաջին օրն է։ Ամանորի գիշերը կատարվում է Սեբե՝ ծես, երբ ընտանիքի անդամները խոնարհվում են ըստ տարիքի, իսկ մեծերը՝ տատիկն ու պապիկը, փող են տալիս։

Չուսոկ տոնը ևս ավանդական է՝ ընտանիքը հավաքվում, հագնում է հանբոկ (ավանդական հագուստ) և կատարում նախնիներին հիշելու արարողություն, հետո ուտում և զրուցում։

Կորեայում կինը մեծ հարգանք է վայելում, բայց կորեացի հարսները սովորաբար չեն ուզում շփվել իրենց սկեսուրների հետ․ «Իմ դեպքում, սակայն, սկեսուրս ուրախությամբ այցելում է մեր տուն՝ շփվելու, զրուցելու համար։ Կորեայում ընդունված չէ միմյանց տուն հյուր գնալ, մարդիկ հանդիպում են սրճարաններում, ռեստորաններում»։

Այնքան տարբեր ու այնքան նմանՀայաստանԿորեա

Մերին պատմական զուգահեռներ է անցակացնում Հայաստանի և Կորեայի միջև, ասում է՝ նմանություններ կան․«Երկու ժողովուրդներն էլ մեծ պետությունների կողմից ճնշումների, հարձակումների են ենթարկվել, տարածքներ կորցրել։ Ճապոնիան մինչ օրս չի ընդունում, որ պատերազմի տարիներին իր զինվորները սեռական բռնության են ենթարկել հազարավոև կորեացի կանանց, իսկ Թուրքիան շարունակում է հերքել Հայոց ցեղասպանության փաստը»։

Թեև հայերենը և կորեերենը շատ տարբեր են, Մերին նկատում է, որ որոշ բառերի ու տառերի արտաբերելու, հնչյունների նմանություններ կան․«Դրա համար էլ ինձ համար ավելի հեշտ է կորեերեն սովորելը, քան ռուսներին»։

Ամուսինները շփվում են և անգլերենով, և կորեերենով։
Բայց Յուջեն հիմա փորձում է ռուսերեն ու հայերեն սովորել։

«Երբ մենք զանգում ենք մեր տուն, նա միշտ ասում է՝ «Բարև, պապ ջան, ո՞նց ես, ո՞ւր ես գնում»,-ասում է Մերին։

Հայաստանն ու հայկականը կորեացի Յուջեի աչքերով 

Կորեացի Յուջեն շատ է հավանել Հայաստանը։ Մերին պատմում է՝ Հայաստանում ճամփորդության ժամանակ Յուջեն նկարում էր գյուղերի բնապատկերները, նույնիսկ՝ կովերին․«Նրան շատ է դուր գալիս Հայաստանի բնությունը, լեռները, մարդիկ։ Յուջեն ասում է՝ Հայաստանում բոլորը բարի են ու հյուրասեր»։

Յուջեն, հայկական խոհանոցից շատ սիրում է խորովածը։ Մերին ասում է՝ խենաթնում է լավաշի համար, լավաշի մեջ փաթաթում է բաստուրման ու ուտում։ Նաև հայկական ձևով պատրաստած սուրճն է սիրում, Հայաստանից Կորեա Յուջեի համար սուրճ են տարել։

Յուջեն հայկական երաժշտություն էլ է սիրում, մեքենայում միշտ լսում են, մի երգ կա, որն արդեն անգիր է արել։

«Յուջեն միշտ ասում է՝ դու իմ լավագույն ընկերն ես, իմ կինը, իմ ընտանիքը և իմ սերը»։

 

Սյուզաննա Խառատյան

Նորություններ