Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը հաստատել է Գեղարքունիքում վերջերս բացահայտված վիշապաքարի իսկությունը

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը, անմիջապես արձագանքելով մեր հրապարակմանը, ապրիլի 20-ին անձամբ այցելեց վերջերս Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում հնասեր Թաթուլ Տոնոյանի կողմից բացահայտված վիշապաքարի գտնվելու տարածք և համապատասխան ուսումնասիրություն, հետազոտություն, անհրաժեշտ չափագրումներ անելուց հետո հաստատեց նորահայտ հուշարձանի իսկությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արսեն Բոբոխյանը, նորահայտ այս վիշապաքարը դասվում է հնագույն Հայատանի պամամշակութային կարևոր հուշարձանների շարքում ու իր կերտվածքով լիովին նման է մշակութային նույն միջավայրում՝ Գեղարքունիքի մարզում տարածված ցլակերպ վիշապակոթողներին։ Այն ստեղծվել է միջին կամ ուշ բրոնզի դարաշրջանում, մեզանից մոտ 3,5-4 հազարամյակ առաջ։
«Մինչ այժմ Գեղարքունիքի մարզում գտնված ցլակերպ կամ ձկնակերպ վիշապաքարերը տեղադրվել են ջրի ակունքներին մոտ, խիտ բնակեցված տարածքներում կամ դրանցից անդին ու վերահսկել են սրբազան կետերը։ Նման վիշապաքարեր տարբեր տարիների ընթացքում ու տարբեր հնագետների կողմից գտնվել են Վարդենիսի, Գեղամա, Սևանի, Արեգունու լեռնաշթաների ստորոտներում կամ բարձրադիր գոտիներում։ Ցլակերպ վիշապաքարերին յուրահատուկ են ցուլի դեմքի և առջևի վերջույթների պատկերագրությունը. նման պատկեր միանգամայն հստակ երևում է ձեռակերտ այս կոթողի վրա։ Իսկ հնասեր Թաթուլ Տոնոյանը շատ կարևոր բացահայտում է արել հնագիտության ու հայագիտության համար։ Վիշապաքարը տեղադրված է եղել Գեղամա լեռնաշթայի սարահարթերից մեկում, Սևանա լճից շուրջ 1,5 կիլոմետր հեռավորությամբ, հնագույն բնակատեղիի տարածքում, որի շրջակայքում առկա են մի քանի ամրոցներ, դամբարանադաշտեր, բնակավայրեր, մատուռներ ու վանքեր, մի քանի տասնյակ խաչքարեր։ Երևում է, որ այս տարածքը բնակեցված է եղել մի քանի հազարամյակ շարունակ, ուր նկատվում են ամենատարբեր քաղաքակրթությունների հետքեր։
Նորահայտ հուշարձանը մեր կողմից ուսումնասիրվեց, հետազոտվեց, չափագրվեց։ Տեղեկանքի պատրաստումից հետո մենք կդիմենք ԿԳՄՍ նախարարություն՝ նորահայտ վիշապաքարին պետական գրանցման կարգավիճակ տալու և հուշարձանների պահպանության պետական ցանկում ընդգրկելու նպատակով»,-ներկայացրեց Արսեն Բոբոխյանը։