«Կարևորը Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները սկսելն է, իսկ Զելենսկու լեգիտիմության հարցերը երկրորդական են»․ Պեսկովն արձագանքել է Կիևի՝ 30-օրյա հրադադարի մասին առաջարկին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ 30-օրյա հրադադար հաստատելու մասին առաջարկին։
Նա ասել է՝ կարևոր է սկսել ուղիղ բանակցություններ Ուկրաինայի հետ, սա առաջնային է, իսկ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության հարցերը երկրորդական են։
«Իսկապես, կան լեգիտիմության հետ կապված իրավական հարցեր, բայց այս դեպքում խաղաղ կարգավորման գործընթացին մասնակցելու շահերը վեր են ամեն ինչից, և առաջնայինը այս բանակցային գործընթացը սկսելն է»,-ասել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ հետ կարող են ուղիղ բանակցություններ վարվել Ուկրաինայում, եթե հաշվի առնենք, որ ՌԴ-ն Զելենսկու՝ որպես նախագահի լեգիտիմությունը կասկածի տակ է առնում։
Պեսկովը, ինչպես փոխանցում է Ինտերֆաքսը, ասել է՝ «մնացած հարցերը երկրորդական են»։
Մինչ այս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջաջարկել է մայիսի 8-11-ը հրադադար հաստատել, քանի որ Եվրոպայում, այդ թվում՝ Ռուսաստանում, հանդիսավոր միջոցառումներ են անցկացվելու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։
Զելենսկին ի պատասխան Կրեմլի առաջարկին ասել էր՝ «պետք չէ չսպասել մինչև մայիսի 8-ը, անհրաժեշտ է անհապաղ, լիարժեք և անվերապահ հրադադար՝ առնվազն 30 օրով, որպեսզի այն լինի ամուր և հուսալի։ ․․․Մենք մարդկային կյանքը գնահատում ենք ամեն ինչից վեր, այլ ոչ թե շքերթները»։
Սպիտակ տան խոսնակն էլ արձագանքելով Պուտինի՝ հրադադարի մասին առաջարկին, հայտարարել է․«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ կերպով հասկացրել է, որ ցանկանում է Ուկրաինայում մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար»:
Հիշեցնենք, այսօր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ եթե ռուս-ուկրաինական պատերազմը տևի ևս մի քանի տարի, ապա Ուկրաինան չի կարողանա վերադարձնել իր տարածքը։ Նրա խոսքով՝ երկարատև պատերազմը կարող է հանգեցնել ժողովրդագրական փլուզման, միջուկային հարվածի և Ուկրաինայի համար անդառնալի կորուստների։