«Միջնորդ կազմակերպությունները նախընտրում են բեռները տեղափոխել այլազգիների բեռնատարներով, հայ վարորդները պատվերներ չեն ստանում»․հայ վարորդները բողոքի ցույց էին անում

«Թե՛ Վրաաստանում, թե՛ Հայաստանում միջնորդ կազմակերպությունները, որոնք Ռուսաստանի ապրանք են արտահանում կամ ներմուծում, անտեսում են հայ բեռնափոխադրողներին։ Ավելի շատ նախընտրում են այլազգիներին, քան հայերին։ Մեր բուն նպատակն է, որ մեզ մի փոքր ուշադրություն դարձնեն, ոչ թե ամեն աթոռին նստած մարդ մտածի իր գրպանի մասին»,-այս մասին այսօր հայտարարեցին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անող բեռնատարների հայ վարորդները։
Նրանք դժգոհում են, որ շատ դեպքերում պատվիրատուներն ու միջնորդ կազմակերպությունները առավելություն են տալիս երրորդ երկրների վարորդներին, ու նախընտրում են բեռները տեղափոխել այլազգիների բեռնատարներով։
Ցույցի մասնակիցները վստահեցնում են, որ այլ երկրների բեռնափոխադրողներն ավելի մատչելի գին են առաջարկում, քանի որ Հայաստանում հարկ չեն վճարում։
«Առաջին հերթին բարձում են այլազգիների «չարթերը»։ Հարց չկա, չենք ասում իրենցը չբարձեն, բայց առաջնահերթ թող ընտրեն մեր չարթերը։ Արդեն մեկ տարի է է՛ լ նամակով, է՛ լ հավաքվելով, է՛ լ նստել-խոսալով փորձել ենք խնդրին լուծում տալ, բայց արդյունք չենք տեսել։ Հանդիպել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի՝ Սողոմոնյանի հետ։ Մեկ տարի է՝ խոստանում են խնդիրը լուծել, բայց այդպես էլ լուծում չենք տեսել»,-հավելեց վարորդներից մեկը։
Մեկ այլ վարորդ էլ ասաց, որ շատերը բեռնատարները վարկով են գնվել, իսկ վարկը մարելու համար պատվերներ են պետք, դրա հետ մեկտեղ հարկային անհավասար պայմաններ են․«Խոսքը Ռուսաստան-Հայաստան բեռնափոխադրման մասին է։ Մենք հաշվարկել էինք, որ մեր ներմուծողը բեռը պետք է մեզ տա, պատվեր չկա, վարկերի տոկոսներն էլ բարձրացրել են։ Այսօր մեր արանքում կա լոգիստ կազմակերպություն, որը բեռը վերցնում է պատվիրատուից, ու տալիս է ներմուծողին, արանքում աշխատելով որոշակի գումար։ Ռուսաստանում կանգնած մեքենաների շարքում կան երրորդ երկրների վարորդներ, ովքեր բեռնափոխադրում են կատարում մեր երկիր։ Ի տարբերություն մեզ, նա Հայաստանում մեզնից քիչ հարկ է վճարում։ Այդպես էլ շուկայում սկսվում է անհավասար պայքար։ Թող պայմանները հավասարվեն, ու պատվիրատուն որոշի, թե ում բեռնատարը բարձել»։
Վարորդները հանդիպում են պահանջում վարչապետի հետ, միայն այդպես են պատկերացնում խնդրի լուծումը, հակառակ դեպքում, իրենց խնդմամբ, միայն նմանատիպ ցույցերով չեն սահմանափակվի։
«Մեր ցանկությունը այն է, որ պարոն վարչապետի հետ հանդիպենք, իրեն այդ ամեն ինչը ներկայացնենք, որ իմանանք՝ ինչ է, ինչ՝ չէ։ Եթե՝ չէ, եթե այդպես են անում, որ պետք է այլ ազգը գա, մտնի ու մենք մեր մեքենաները կանգնեցնենք ու գումար չաշխատենք, ուրեմն մենք կելնենք ճանապարհը կփակենք, այլ ազգին չենք թողնելու մտնել»,-հայատարարեցին վարորդները։
Մեկ ժամ տևած բողոքի ցույցից հետո վարորդները դադարեցրին այն, նրանք դիմում ներկայացրին կառավարությանը՝ մինչև շաբաթվա վերջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպման խնդրանքով։
Նիկոլ Մարգարյան