Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել

Հակակոռուպցիոն կոմիտեյից հայտնում են, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք»։
Այս գործով 8 անձ է ձերբակալվել։
Գյումրու Վարդանանց հրապարակում՝ քաղաքապետարանի մոտ այսօր իրավիճակը լարված էր, քաղաքապետի աջակցիներն ու հարազատները հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ, այստեղ էին նաև մեծ թվով ոստիկաններ։ Մի պահ հրապարակում հավաքված քաղաքացիների ու ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց, մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին:
Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարել է, որ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է։