ՆԱՏՕ-ի շահերը Հարավային Կովկասում. Ստոլտենբերգի շրջագայությունը տարածաշրջանում | Region

ՆԱՏՕ-ի շահերը Հարավային Կովկասում. Ստոլտենբերգի շրջագայությունը տարածաշրջանում

Մարտ 21,2024 18:45

– Ինչ էր փնտրում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում.

– ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի խաղաղ ձգտումներին.

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-19-ը այցելել էր Անդրկովկաս: Տարածաշրջանային շրջագայության ընթացքում նա այցելել է Բաքու, Թբիլիսի և Երևան։

Ինչ նպատակ ունի Ստոլտենբերգի ներկայիս այցը տարածաշրջան, որոնք են ՆԱՏՕ-ի շահերը

Թեեւ Անդրկովկասը վերջին տարիներին Հյուսիսատլանտյան դաշինքի ուշադրության կենտրոնում չի եղել, սակայն արեւմտյան երկրները չեն անտեսում այդ տարածաշրջանը իրենց հակառուսական կուրսի շրջանակներում: Ստոլտենբերգի համար Հարավային Կովկաս այցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա գործունեության ավարտն է: Նա հրաժարական է տալիս 2024 թվականի հոկտեմբերի 1-ին:

Տարածաշրջանի երկրների՝ դաշինքին անդամակցելու հարցն օրակարգում չկա, և, հավանաբար, այստեղ այլ հարց է դրված՝ հզոր Իրանի հարցը և տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղումը։ Իրանը Արեւմուտքի համար խնդրահարույց երկիր է համարվում, ուստի Արեւմուտքի ցանկությունը անմիջապես Իրանի հետ սահմանին ներկայությունն է։  Տարածաշրջանում Իրանի ամենահետևողական հակառակորդն Ադրբեջանն է, և այդ երկրի ու Իսրայելի միջև հաստատված են դաշնակցային հարաբերություններ:

Չնայած Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար Հարավային Կովկասի ամենահեռավոր երկիրն է, Ստոլտենբերգը 2 օր անցկացրել է Բաքվում: Վրաստանի համար գլխավոր քարտուղարը հատկացրել է մարտի 18 -ի կես օրը, իսկ Հայաստանի համար՝ մարտի 19-ը։

Որն է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Բաքվում երկար մնալու պատճառը Դա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ ՆԱՏՕ-ն ավելի շատ ջանք պետք է գործադրի՝ Ադրբեջանին իր կողմը գրավելու համար։

Առաջին հերթին դաշինքի ղեկավարը Բաքվում հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Հաշվի առնելով, որ այդ երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքի համար Հարավային Կովկասում ամենաբարդ գործընկերն է, Ստոլտենբերգը Բաքվի հետ բանակցություններին ավելի շատ ժամանակ է նվիրել, քան տարածաշրջանի այլ երկրներին։  Հանդիպումներից հետո կայացած մամուլի ասուլիսում Ալիևը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի գործընկերությունն ավելի քան 30 տարվա պատմություն ունի: Նա պատմել է, թե ինչպես է Ադրբեջանը մասնակցել Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին։ Ալիևը նաև մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ընթացքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին հիշեցրել է Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններին Ադրբեջանի մասնակցության մասին:

Ասուլիսի ավարտին զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել, որի մասին ադրբեջանական լրատվամիջոցները ոչ մի խոսք չեն ասել: Բանն այն է, որ հայտարարություններից հետո ներկաներին հնարավորություն չի տրվել հարցեր ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Ալիևն ասուլիսն ավարտել է հետևյալ խոսքերով. «հարցեր չկան, ամեն ինչ պարզ է»: Եվ Ալիևի նման պահվածքը խոսում է այն մասին, որ նա շատ նյարդայնացած է և դժգոհ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումների արդյունքներից:

Հաջորդ օրը Ստոլտենբերգը հանդիպումներ է ունեցել արտգործնախարար Բայրամովի և պաշտպանության նախարար Հասանովի հետ: Քննարկման հիմնական թեմաներն են եղել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 18-ին ժամանել է Թբիլիսի: Վրաստանում Ստոլտենբերգը հանդիպել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Կոբախիձեն հիշեցրել է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի բազմամյա համագործակցության մասին։  Կոբախիձեն Վրաստանն անվանել է դաշինքի ամենահավատարիմ և հուսալի գործընկերներից մեկը:

«ՆԱՏՕ-ի գործընկերությունը Վրաստանի հետ արդեն ուժեղ է, եւ այսօր մենք քննարկել ենք դրա խորացումը», – նշել է Սթոլթենբերգը։

Նա նաև աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Ավելի քան 25 տարի Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը, սակայն 2022 թվականից Վրաստանի իշխանություններն ընտրել են պասիվ քաղաքականության մարտավարությունը՝ Ռուսաստանին չնյարդայնացնելու համար։

Այնուհետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանային այցով ժամանել է Երևան: Նա հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Երեւանում խոսում են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին, սակայն կազմակերպությանը անդամակցելու մասին դեռ խոսք չկա: Փաշինյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն չի արձագանքել երկու երկրների միջև չհարձակման մասին պայմանագիր կնքելու Երևանի առաջարկին:

Փաշինյանը Ստոլտենբերգին ներկայացրել է նաև «խաղաղության խաչմերուկ» նախագիծը և հույս ունի, որ միջազգային հանրությունը, այդ թվում ՝ ՆԱՏՕ-ն, հաստատակամորեն կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին: Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցին՝ նշելով, որ Երևանը հավատարիմ է այդ օրակարգին՝ կարևորելով 2022 թվականին Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Իր հերթին Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև նրա խաղաղ ձգտումներին»:

 

                                                                                     Զաբելա Ավագյան

Նորություններ