Դատարանը կարճել է Արման Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնվելու հայցով վարույթը | Region

Դատարանը կարճել է Արման Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնվելու հայցով վարույթը

Հոկտեմբեր 22,2026 10:02

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Էդգար Հովհաննիսյան) կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Արման Սարոյանը պահանջել էր անվավեր ճանաչել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։ Փաստաբանի ներկայացմամբ՝ դատարանը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանցքային իրավական դիրքորոշումը՝ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է և կազմում է Եկեղեցու ինքնակառավարման ու ներքին կյանքի անբաժանելի մասը։

Դատարանն արձանագրել է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են ներեկեղեցական կանոններով՝ կանոնական իրավունքով, իսկ տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։

Դատարանը վերացրել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակվել էր Մայր Աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը։

Հիշեցնեմ, որ այս հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դատական ակտի ենթադրյալ խոչընդոտման համար են մեղադրյալի կարգավիճակ ստացել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վեց եպիսկոպոս:

Նորություններ