Ձյունաշողը՝ դատարկվելու վտանգի առաջ․ ի՞նչն է ստիպում մարդկանց լքել սահմանամերձ և հեռավոր գյուղերը
Լոռու մարզի Տաշիր համայնքի Ձյունաշող բնակավայրը սահմանակից է Վրաստանին։ Սահմանամերձ այս բնակավայրում մարդկանց ապրուստի միակ միջոցն անասնապահությունն է, քանի որ եղանակային պայմանները նպաստավոր չեն հողագործության համար։ Գյուղն ունի 25 տնտեսություն, դպրոցում սովորում է 7 աշակերտ։
1989թ․-ին Ադրբեջանի հայաբնակ շրջաններից՝ հիմնականում Շամախիից, հայերը տեղափոխվել են Ձյունաշող։ Նրանք կազմել են գյուղի բնակչության շուրջ 90%-ը։ Հաջորդ տարիներին Շամախիից տեղափոխված գրեթե բոլոր ընտանիքները մեկնել են այլ երկրներ։ Գյուղում այսօր տեսանելի են տասնյակ քանդված և լքված տներ, որոնց թիվը տարեցտարի ավելանում է։

Ձմռանն այստեղ ցուրտ է և բքառատ։ Ձյան և անձրևների տեղումներից հետո գյուղ տանող որոշ ճանապարհահատվածներ դառնում են անանցանելի։ Անմխիթար վիճակում են նաև գյուղամիջյան ճանապարհները։
Ձյունաշողից հարևան Դաշտադեմ գյուղ տանող ճանապարհն անցնելու համարձակություն չունեն անգամ ամենագնաց մեքենաների և բեռնատարների վարորդները։ Դեպի համայնքային կենտրոն տանող ճանապարհը ևս քանդված է։ Թեև ժամանակ առ ժամանակ համայնքապետարանը սպասարկում, հարթեցնում է Տաշիր քաղաք տանող հատվածները, վիճակը երկար չի պահպանվում։

Սաշիկ Վարդանյան
Գյուղի բնակիչ Սաշիկ Վարդանյանը Regions TV-ի հետ զրույցում ընդգծեց, որ Ձյունաշողի բնակչության թիվը կտրուկ նվազել է։ Տասնյակ ընտանիքներ 1990-ականներին տեղափոխվել են Ռուսաստան, իսկ վերջին տարիներին շատերը տեղափոխվել են Մեծավան գյուղ, նաև Տաշիր, Երևան և այլ քաղաքներ։
Գյուղը 1979թ․-ին ունեցել է 1334 բնակիչ ,1989թ․-ին՝ 868 բնակիչ։ /Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան/

Վարսենիկ Հարությունյան
Այսօր այստեղ հաշվառված է 160 բնակիչ, սակայն, վարչական ղեկավարի գրասենյակի աշխատակից Վարսենիկ Հարությունյանի տեղեկացմամբ, մշտական բնակվողների թիվը 103 է։
Բնակիչները մտավախություն ունեն, որ շուտով Ձյունաշողի դպրոցն էլ կփակվի՝ միավորվելով հարևան Մեծավան գյուղի կրթօջախին։ Դա, ըստ ձյունաշողցիների, անդառնալի հետևանքներ կարող է ունենալ, և առանց այն էլ փոքրաթիվ բնակչություն ունեցող գյուղից շատերը կհեռանան։
Ժողովրդագրական խնդիրը խորանալու միտում ունի, քանի որ որոշ ընտանիքներ պատրաստվում են լքել գյուղը, ոմանք տուն են ձեռք բերել քաղաքներում։ Նման մտադրություն ունի նաև Սաշիկ Վարդանյանը։
Բնակիչների պնդմամբ՝ ներքին միգրացիայի հիմնական պատճառը գյուղերում ենթակառուցվածքների և աշխատատեղերի բացակայությունն է։


Եվ երբ ծնունդները հազվադեպ են, ամուսնություններ չեն գրանցվում, իսկ դպրոցը փակվելու վտանգի առաջ է, հարցականի տակ է հայտնվում նաև բնակավայրի ապագան։ Բնակիչները հեռանում են այն վայրեր, որտեղ կարող են աշխատանք գտնել, երեխաներին կրթության ավելի հասանելի պայմաններ ապահովել և ընտանիք կազմել։ Իսկ նրանց հեռանալուց հետո գյուղը կորցնում է ոչ միայն բնակիչներին, այլև վերականգնվելու հնարավորությունը։
Ըստ Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայքի՝ 1 տարվա ընթացքում՝ 2025թ․-ին, Ձյունաշող գյուղում 1 երեխա է ծնվել, ամուսնություն չի գրանցվել։ Հարևան գյուղերում ևս վիճակը մտահոգիչ է։ Որոշ գյուղական բնակավայրերում 1 տարում ոչ մի ծնունդ չի գրանցվել։

Regions TV-ն պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հետևյալ հարցադրմամբ․ «Տաշիր համայնքի Ձյունաշող բնակավայրում և հարևան գյուղերում ձմռան ամիսներին և անձրևների ժամանակ որոշ ճանապարհահատվածներ դառնում են անանցանելի։ Անմխիթար վիճակում են և՛ համայնքային կենտրոնից այնտեղ տանող և՛ գյուղամիջյան ճանապարհները։ Կա՞ արդյոք Տաշիր համայնքի հեռավոր այդ բնակավայրերի ասֆալտապատման, բարեկարգման որևէ ծրագիր»։

Պատասխան նամակով ՏԿԵՆ-ից հայտնում են, որ Տաշիրի տարածաշրջանում ներկայումս ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է S-5-96, /Մ-3-/(Տաշիր)-Մեծավան-Ձյունաշող (S-5-27) կմ0+000-կմ8+500 ճանապարհահատվածը՝ 8.5կմ երկարությամբ։
Հաստատվել են Տաշիր համայնքի Տաշիր, Ձյունաշող, Մեծավան, Մեղվահովիտ, Կաթնառատ բնակավայրերի սալարկման և Միխայլովկա բնակավայրի ասֆալտապատման ծրագրերը, 2027թ․-ին նախատեսվում է Պաղաղբյուր և Մեծավան բնակավայրերի սալարկում։
Միաժամանակ նշվում է, որ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհները գտնվում են մարզպետարանների տնօրինման ներքո, հետևաբար ճանապարհների պահպանման աշխատանքները ՀՀ մարզպետների աշխատակազմերի իրավասության ներքո են։ Իսկ համայնքային փողոցները և ճանապարհները համայնքապետարանների հաշվեկշռում են և պետք է սպասարկվեն ու նորոգվեն համայնքապետարանների կամ նրանց հատկացված միջոցների հաշվին։


Ըստ համայնքի բնակիչների՝ ժողովրդագրական լրջագույն խնդրի լուծման համար անհրաժեշտ են համակարգային և երկարաժամկետ քայլեր՝ ճանապարհների հիմնանորոգում, ենթակառուցվածքների բարելավում, աշխատատեղերի, սոցիալական ծառայությունների ապահովում և հանրային տրանսպորտի հասանելիություն։
Դրանք բնակավայրի գոյության պայմաններն են, և այդ խնդիրներն անհրաժեշտ է կարգավորել, քանի դեռ հեռավոր այդ գյուղերում կան ապրելու, ստեղծելու և կառուցելու ցանկություն ունեցող մարդիկ։


Էդուարդ Մխիթարյան
