Հայաստանը սկսում է TRIPP նախագծով նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները
Այսօրվանից Հայաստանը սկսում է TRIPP նախագծով նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները՝ չսպասելով հայ-ամերիկյան համատեղ զարգացման ընկերության հիմնադրմանը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նախօրեին Գրիգորյանը մի շարք այլ պաշտոնյաների հետ այցելել էր Սյունիքի մարզ, որտեղ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր են քննարկել։
«Որպեսզի ժամանակ չծախսենք, մենք ճիշտ ենք համարում սկսել նախագծման աշխատանքները այսօրվանից»,- ասել է Գրիգորյանը։ Ըստ նրա՝ կատարած աշխատանքները հետագայում կփոխանցվեն TRIPP Development Company-ին՝ ընկերության հիմնադրումից հետո։
«Երեկ նախագծման աշխատանքների մեկնարկը կազմակերպելու նպատակով էինք այցելել։ Խոսքը վերաբերում է երկաթգծին, ավտոճանապարհին և էներգետիկ ենթակառուցվածքի լարացմանը»,- ասել է Գրիգորյանը, հավելելով՝ երկաթգծի հետ կապված ամեն ինչ պարզ է, և ցանկանում էին տեղում հասկանալ ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը։
Իսկ թե որտեղով է անցնելու երկաթգիծը, փոխվարչապետը նշել է. «Արդեն ակնհայտ է, և այդտեղ քննարկելու բան չկա։ Եվ այդ իմաստով նախագծման աշխատանքներն արդեն կմեկնարկեն, իսկ ավտոճանապարհի հետ կապված մոդելավորման հարցեր դեռևս կան, քանի որ կան բարդ, անանցանելի հատվածներ»։
Գրիգորյանը նշել է, որ այդ երեք ենթակառուցվածքների մասով կարող են արդեն իսկ սկսել նախագծման աշխատանքները։
«Ավտոճանապարհի հետ կապված, իհարկե, մոդելավորման հարցեր դեռևս կան, որովհետև կան բարդ անցանելի հատվածներ»,- նշել է փոխվարչապետը։
Գրիգորյանը բացատրել է, որ ճանապարհի վերջնական լուծումը պետք է ապահովի դրա մրցունակությունը տարածաշրջանային տարանցիկ փոխադրումների տեսանկյունից։
«Տրանզիտ ճանապարհը մրցունակ կլինի, և մեր ծախսերը արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե ինքը շահագործման առավելություն ունենա ռեգիոնալ մակարդակով»,- ընդգծել է նա։
Էլեկտրահաղորդման գծերի մասով, ըստ փոխվարչապետի, իրավիճակը հիմնականում պարզ է, թեև անհրաժեշտ է վերջնականացնել դրանց անցման ուղղությունները և կատարել համապատասխան մոդելավորում։
Գրիգորյանը նշել է, որ երեք ենթակառուցվածքների մասով հնարավոր է սկսել նախագծման աշխատանքները՝ առանց սպասելու TRIPP Development Company-ի (TDC) ձևավորմանը։
Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է ներկայացնել ենթակառուցվածքների ավելի կոնկրետ էսքիզները, որոնք կդրվեն քննարկման, ինչից հետո կմեկնարկի բուն նախագծումը։ Փոխվարչապետը հայտնել է նաև, որ Սյունիքի մարզում աշխատանքները շարունակվում են։
Տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավորինս արագ բացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացման համար։ Ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարել է, որ TRIPP նախագիծը մտնում է գործնական իրականացման փուլ։
Փաշինյանը հիշեցրել է՝ TRIPP Development Company-ն Հայաստանի և ԱՄՆ մասնակցությամբ համատեղ ընկերություն է լինելու, որի ստեղծման ուղղությամբ աշխատանքները գտնվում են եզրափակիչ փուլում․«Երբ որ ընկերությունը կհիմնադրվի, կատարված աշխատանքը, այդ թվում՝ որպես մեր ներդրում, կփոխանցվի այդ ընկերությանը»։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն էլ հավելել է, որ ընկերության հիմնադրման համար անհրաժեշտ փաստաթղթային աշխատանքները նույնպես մոտենում են ավարտին, կողմերը մտել են ընկերության հիմնադրման փաստաթղթային գործընթացի եզրափակիչ փուլ, և շատ մոտ ապագայում ակնկալվում է բոլոր փաստաթղթերի վերջնականացում, որից հետո հնարավոր կլինի անցնել գործնական փուլին։
Երեկ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:
Հիշեցնենք, որ TRIPP նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային և այլ հաղորդակցությունների զարգացում, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի ապահովում։ Դրա սկզբունքներն ամրագրվել են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագրում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։
Նախագծով նախատեսվում է ստեղծել «TRIPP զարգացման ընկերություն» համատեղ ձեռնարկությունը, որտեղ առաջին 49 տարում 74% բաժնեմասը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 26%-ը՝ Հայաստանին (երկարաձգման դեպքում ՀՀ բաժնեմասը կհասնի 49%-ի)։ Նախատեսվում է Սյունիքով ապահովել անխոչընդոտ (թվային գործիքների կիրառմամբ) տարանցում Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը։
